Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարձակում է սկսել Գազայի հատվածի ամենամեծ քաղաքի՝ Գազայի վրա, The Jerusalem Post-ին հայտնել է Իսրայելի զինված ուժերի ներկայացուցիչ գեներալ Էֆի Դեֆրինը։ «Մեր զորքերն արդեն վերահսկում են քաղաքի ծայրամասերը», - ասել է զինվորականը։ Նա պարզաբանել է, որ սա հարձակման առաջին փուլն է՝ գործողության շրջանակներում, որի ծրագիրը նախկինում հաստատել էր երկրի պաշտպանության նախարարությունը։ Նրա խոսքով՝ մոտ ժամանակներս զինվորականները պատրաստվում են ուժեղացնել Գազա քաղաքում գործող ՀԱՄԱՍ ահաբեկչական խմբավորման ուղղությամբ հարվածները։ Քաղաքացիական անձանց հասցված վնասը նվազագույնի հասցնելու համար ՑԱԽԱԼ-ը կնախազգուշացնի տեղի բնակիչներին տարհանման անհրաժեշտության մասին։ «Մենք շարունակում ենք մարդասիրական օգնություն ցուցաբերել Գազայի հատվածի բնակիչներին և նույնիսկ ընդլայնում ենք այն՝ բացում ենք օգնության բաշխման լրացուցիչ կետեր», - հավելել է Դեֆրինը։

ՑԱԽԱԼ-ի ներկայացուցիչը նաև հաստատել է, որ այս շաբաթ Իսրայելի քաղաքացիներին մոտ 60 հազար զորակոչի ծանուցագիր կուղարկվի, իսկ ևս 20 հազարը կուղարկվի մինչև օգոստոսի վերջ։ Մինչ այդ CNBC-ն հայտնել է, որ Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացի հաստատած ծրագրի համաձայն՝ Գազայի վրա հարձակման ժամանակ իսրայելական բանակը նախատեսում է ներգրավել մինչև 60 հազար պահեստազորայինների։ Միևնույն ժամանակ, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի գրասենյակի հայտարարության մեջ ասվում է, որ կառավարության ղեկավարը հանձնարարել է «կրճատել գործողության ժամկետները՝ ահաբեկիչների վերջին հենակետերն ու ՀԱՄԱՍ-ի վերջնական ջախջախումն ապահովելու համար»։ Ընդ որում, Գազա քաղաքի վրա նախատեսված գրոհից առաջ Իսրայելում հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել ցույցերի՝ մտավախություն ունենալով, որ գործողությունը վտանգի տակ կդնի մնացած պատանդների կյանքը։

Գազայի վրա Իսրայելի պաշտպանության բանակի հարձակման մեկնարկից առաջ ՀԱՄԱՍ-ի ներկայացուցիչները համաձայնել են ազատ արձակել ողջ մնացած 50 իսրայելցի պատանդների կեսին և 60-օրյա հրադադար մտցնել։ Օգոստոսի 20-ի առավոտյան Իսրայելի պաշտպանության նախարար Կացը հայտարարել է Գազա քաղաքը գրավելու ռազմական գործողության մասին, որը ստացել է «Գիդեոնի մարտակառքերը-2» անվանումը։ Նա վստահեցրել է, որ գործողության ավարտից հետո «Գազան կփոխի իր տեսքը և այլևս երբեք այնպիսին չի լինի, ինչպես նախկինում»։

Ըստ The Times of Israel-ի տվյալների՝ ՑԱԽԱԼ-ի հարձակումն իրականացվելու է մի քանի փուլով։ Սկզբում Գազայի քաղաքացիական բնակչությանը կնախազգուշացնեն մինչև 2025 թվականի հոկտեմբերի 7-ը (Իսրայելի վրա ՀԱՄԱՍ-ի հարձակման երկրորդ տարելիցը) տարհանվելու անհրաժեշտության մասին։ Այնուհետև իսրայելական բանակը նախատեսում է շրջապատել քաղաքը և առաջ շարժվել դեպի կենտրոնական շրջաններ, որոնք նախկինում ամբողջությամբ չեն մաքրվել ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներից։

Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև պատերազմը սկսվել է վերջինիս կողմից իսրայելական բնակավայրերի վրա հարձակումից հետո։ Իսրայելի վարչապետի գրասենյակը նախկինում հաստատել է ռազմական հակամարտությունը դադարեցնելու «հինգ հիմնական սկզբունքները», որոնց թվում են՝ ՀԱՄԱՍ-ի ամբողջական զինաթափումը, բոլոր պատանդների վերադարձը և Գազայի հատվածի ապառազմականացումը։ Միևնույն ժամանակ, Նեթանյահուն ասել է, որ Իսրայելը մտադիր է ռազմական վերահսկողություն հաստատել այդ տարածքի վրա։