Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի սեփականատեր, ամերիկահայ գործարար եւ մանկապիղծ Սերոբ Տեր-Պողոսյանը աղիքային քաղցկեղով է տառապում: Նրա առողջական վիճակը վատթարացել է եւ ներկա պահին սիստեմա է ընդունում: NEWS.am-ի թղթակցին այս մասին հայտնել է Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբան Գիվի Հովհաննիսյանը:
Փաստաբանի խոսքով, Սերոբ Տեր-Պողոսյանը վաղուց է քաղցկեղով տառապել եւ բուժվել ԱՄՆ-ում: Սակայն այս ժամանակահատվածում, երբ կալանքով պայմանավորված բուժումները չի կարողացել ստանալ, հիվանդությունը ակտիվացել է: Խոսելով հիվանդության դեմ ձեռնարկված միջոցների մասին` փաստաբանը մանրամասնեց. «Դե փորձում ենք բուժման հետ կապված միջոցներ ձեռնարկել: Ներկա պահին հետազոտություններ է անցնում, սիստեմա է ընդունում, որ հետագայում արդեն հստակ բուժում ընդունի»:
Հարցին հնարավոր է արդյո՞ք հիվանդությունը նպաստի, որ պատժի ժամկետը կրճատվի եւ նրան վաղաժամկետ ազատ արձակեն ավելացրեց. «Ես, որեւէ բան չեմ կարող ասել դա իմ որոշելու խնդիրը չէ: Կոպիտ ասած, հիվանդությունը պատժից ազատվելու նպատակով չէ ի հայտ եկել: Նա նախկինում փաստացի ԱՄՆ-ում այդ հիվանդության դեմ բուժում ստացել է: Փաստաթղթերը կան: Պետք է նորից գնար հետազոտման, բայց հանգամանքների բերումով կալանավորվեց եւ չկարողացավ գնալ, ինչը նպաստեց, որ հիվանդությունը բարդանա»:
Հնարավոր է, որ նա բուժումը շարունակի ԱՄՆ-ում, հարցին փաստաբանն ասաց. «ԱՄՆ-ի հետ կապված դժվար է ինչ-որ բան ասել: Մարդուն 15 տարի են տվել, ի՞նչ ԱՄՆ: Ներկա պահին, եթե վիրահատության խնդիր էլ առաջանա չեմ կարող միանշանակ ասել քրեակատարողական հիմնարկում վիրահատությունը կանեն, թե հիվանդանոցում: Այդ ամենը բժշկի համապատասխան եզրակացությունով է պայմանավորված: Սպասենք տեսնենք:
Նշենք, որ Սերոբ Տեր-Պողոսյանի փաստաբանները դատավճռի դեմ բողոք են ներկայացրել վերաքննիչ քրեական դատարան, սակայն վերաքննիչ բողոքի քննության հարցը, փաստաբանի փոխանցմամբ դեռ չի հստակեցվել: Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» սեփականատեր, ամերիկահայ գործարար Սերոբ Տեր-Պողոսյանին, Լոռիի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նոյեմբերի 17-ին 15 տարվա ազատազրկման է դատապարտել մանկապղծության համար: Նշենք նաեւ, որ «Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի» 70-ամյա սեփականատիրոջը մեղադրում են մեկ տասնյակից ավելի անչափահասների բռնությամբ սեռական հարաբերություններին հարկադրելու մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել 139 հոդվածի 3-րդ մասով (Սեքսուալ բնույթի բռնի գործողությունները): Դատական նիստերն ընթացել են դռնփակ, իսկ հոկտեմբերի 28-ին կայացած նիստում մեղադրողներ Արամ Ամիրզադյանն ու Հովսեփ Սարգսյանը դատարանից խնդրել էին Սերոբ Տեր-Պողոսյանին դատապարտել 15 տարվա ազատազրկման: 15 տարին տվյալ հոդվածով նախատեսված առավելագույն պատիժն է:
Պատրաստեց Տաթեւ Մեսրոպյանը




























