Հուշարձանների պահպանությունը մեր ամենակարևոր հարցերից մեկն է, և մենք պարբերաբար տեղեկատվություն ենք տրամադրում և հանրային հաղորդումներ ենք տարածում այն մասին, թե ինչ աշխատանք է կատարվում ոլորտում։ Այս մասին, այսօր՝ օգոստոսի 27–ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ իշխանությունները անընդհատ խոսում էին եկեղեցիների «չուլանացված» լինելուց, արդյոք հուշարձանների պահպանության ուղղությամբ քայլեր արվում են։

«Իսկ ոլորտում կատարվում է անգամներով ավել աշխատանք, քան արվել է մինչև 2018 թվականը։ Եթե ուղղակի բյուջետային հատկացումները նայեք, հուշարձանների պահպանության ոլորտի հատկացումները եղել են 100 միլիոնից մի փոքր ավել, այս պահին արդեն մենք խոսում ենք 1 միլիարդ 800 միլիոնից ավել գումարի մասին։ Ինքներդ հաշվեք քանի անգամ է ավելացել բյուջեն։ Բնականաբար այդ աշխատանքը արվում է, ելնելով նրանից, թե որ հուշարձաններն են ամենաառաջնային միջամտություն պահանջում, որ հուշարձաններն են պահանջում ավելի հրատապ վերականգնում, որովհետև մենք ունենք 24000-ից ավել հուշարձաններ, դրանց մեծ մասը ունի վերականգնման ու ամրակայման կարիք։ Բնական է, որ որոշակի առաջնահերթություն պիտի լինի, որպեսզի կարողանանք այդ աշխատանքները պատշաճ իրականացնել։

Մենք հիմա էլ ունենք բազմաթիվ նաև կրոնական բնույթի կառույցներ, եկեղեցիներ, վանական համալիրներ, որոնք պետության միջոցներով ամրակայվում ու վերականգնվում են։ Ինչ վերաբերում է խնամքին, ապա այս մասով էլ մենք ունենք հստակ օրենսդրություն, թե պահպանումը ով պիտի հոգա։ Մենք վերականգնման աշխատանքները իրականացնում ենք, ցանկերը առանձին, հատ-առ-հատ հրապարակել ենք, և կարող եք ծանոթանալ ու տեսնել, որ այդտեղ նաև եկեղեցապատկան հուշարձաններ կան, որոնք պետությունը շարունակաբար և հետևողական վերականգնման և մյուս աշխատանքներն է իրականացնում»,–ասաց նա։

Ինչ վերաբերում է պահպանմանը, ըստ նախարարի, այն հուշարձանները, որոնք հատկացված են կոնկրետ կառույցներին, այդտեղ անմիջական պահպանության պատասխանատվությունը կրում է այդ կառույցը, տվյալ դեպքում եկեղեցին։ «Եվ այստեղ պահպանման պատասխանատվությունը, բնականաբար, կրում է նաև հանրությունը, որովհետև, եկեք անկեղծ լինենք, որ հուշարձանների պահպանության ոլորտում մեր հանրային վարքականոնը շատ վատն է։

Ես շատ եմ լինում տարբեր բնակավայրերում իմ աշխատանքի բերումով, և բազմիցս տեսնում եմ իրավիճակներ, որ մեր որևէ հուշարձան, որը գուցե այդքան ճանաչված չէ, այդքան այցելվող չէ, բայց չի նշանակում, որ չունի նույնքան արժեք, ինչքան մյուսները, ուղղակի գտնվում է ոչ թե անխնամ վիճակում, այլ դրա հետ վարվում են անթույլատրելի ձևով: Օրինակ, ինչ-որ մեկը ոռոգում է և այդ ջուրը ամբողջությամբ հոսում է հուշարձանի վրա շարունակաբար՝ քայքայելով դա։ Ինչ-որ մեկը գուցե դա օգտագործում է որպես իր ցանկապատի մաս։

Ես հիմա խոսում եմ նաև երևույթների մասին, որ կարծում եմ՝ ամեն մեկս էլ տեսել ենք։ Էլ չեմ խոսում աղբի մասին, որը հուշարձանների տարածքում կարող ենք տեսնել։ Մարդիկ գնում են, օրինակ, ինչ-որ մի տեղ իրենց ժամանցը անցկացնելու, ինչ-որ մի բան են օգտագործում, իրենց հետ մթերք են տանում կամ որևէ, չգիտեմ, այլ կենցաղային մի իր են իրենց հետ ունենում, հետո քանի՞սն են, որ հոգում են այն մասին, որ իրենցից հետո այդտեղ աղբ չմնա։ Այս տարրական հանրային վարքականոնը ձևավորելու լուրջ խնդիր ունենք»,–ասաց Ժաննա Անդրեասյանը։

Նա տեղեկացրեց, որ այս ուսումնական տարվանից մեկնարկում են Հուշարձանների պահպանության շարժում. «Մենք ձևավորել ենք հուշարձանների պահպանության և խնամքի ձեռնարկ, շատ հասկանալի և պարզ ձեռնարկ յուրաքանչյուր դպրոցականի համար։ Առանձնացրել ենք մեր հուշարձանների ցանկը և յուրաքանչյուր դպրոցի իրեն մոտակա հուշարձանների խնամքն ենք պատրաստվում նաև վերապահել, որպես հանրային վարքականոնը ձևավորելու կարևոր միջոց։ Որովհետև կարևոր է, որ մեզնից յուրաքանչյուրը պատասխանատվություն ունենա իր միջավայրի հանդեպ։ Եթե կրթական համակարգում դա չձևավորենք, որտեղ պիտի ձևավորենք։

Սա չի չեղարկում թե սեփականատերերի և թե նաև տվյալ կառույցները օգտագործողների պահպանության պատասխանատվությունը»։