Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն սեպտեմբերի 8-ին խորհրդարանում կկանգնի փորձության առաջ, որտեղ կանցկացվի վստահության քվեարկություն: Ձախողման հավանականությունը շատ բարձր է. օգոստոսի վերջին շատ կուսակցություններ («Չհնազանդեցված Ֆրանսիա»-ի ձախակողմյանները, «Ազգային միասնության» ծայրահեղ աջակողմյանները և սոցիալիստները) հայտարարել են, որ չեն աջակցի Բայրուին: Վստահություն ստանալու համար վարչապետին անհրաժեշտ է առնվազն 288 ձայն, ինչն այսօր անիրատեսական է թվում, գրում է Euronews-ը:
Հատկանշական է, որ վարչապետն ինքն է առաջարկել անցկացնել վստահության քվեարկություն՝ Ֆրանսիայում աճող սոցիալ-տնտեսական լարվածության ֆոնին: Ընդդիմության հետ նրա երկխոսության խոչընդոտը 2026 թվականի բյուջեի ծրագիրն էր: Այն նախատեսում է դեֆիցիտի կտրուկ կրճատում՝ 2024 թվականի 5,8%-ից մինչև 4,6%-ից պակաս, ինչը ծախսերի զգալի կրճատում կպահանջի, ինդեքսավորման սառեցում և, հնարավոր է, նոր հարկերի ներդրում: Բայրուն մտադիր է գանձարանի համար մոտ 44 միլիարդ եվրո խնայել: Նրա ծրագրի ամենաանբարենպաստ կետերից մեկը 11 պետական տոներից 2-ի կրճատումն էր։
Վարչապետմ իր ծրագիրն անհրաժեշտ է համարում պարտքը «կայուն մակարդակում» պահելու համար, սակայն խորհրդարանն այն անվանում է չափազանց խիստ և սոցիալապես անարդար։ Երկրում սեպտեմբերի 10-ին և 18-ին զանգվածային բողոքի ցույցեր են հայտարարվել։ Որոշ քաղաքական գործիչներ պատրաստ են ավելի հեռու գնալ։ « Չհնազանդեցված Ֆրանսիայի» առաջնորդ Ժան-Լյուկ Մելանշոնը հայտարարել է, որ սեպտեմբերի 23-ին կսկսի Էմանուել Մակրոնին նախագահական պաշտոնից հեռացնելու ընթացակարգը։
Գործող վարչապետն արդեն վեցերորդն է Մակրոնի կառավարման ընթացքում։ Եթե Բայրուն հրաժարական տա, նախագահը ստիպված կլինի կամ նոր վարչապետ նշանակել, կամ լուծարել խորհրդարանը։



























