«Նովոստի-Գրուզիա»-ն, հղում անելով երկրի դատախազությանը, հայտնում է, որ Վրաստանում հեռակա կարգով մեղադրանք է առաջադրվել օտարերկրյա քաղաքացու հանդեպ, որը շանտաժի միջոցով իր ծանոթ աղջկան ստիպել է սեռական հարաբերություն ունենալ։

«Շիդա Քարթլիի և Մցխեթա-Մթիանեթիի շրջանային դատախազությունների կողմից անցկացված հետաքննությամբ պարզվել է, որ մեղադրյալը տուժողին սեռական հարաբերության է դրդել՝ սպառնալով տարածել տեղեկություններ, որոնք արտացոլում են նրա անձնական կյանքը», - ասվում է հայտարարության մեջ։

Մեղադրյալը կարողացել է սոցիալական ցանցերում նրա հարազատներին ուղարկել «կնոջ անձնական կյանքի գաղտնիքները պարունակող» նյութեր։

Տղամարդուն մեղադրանք է առաջադրվել «հարկադրաբար սեռական հարաբերությամբ զբաղվելու» և «անձնական կյանքն արտացոլող տեղեկությունների ապօրինի պահպանման և տարածման» համար (Վրաստանի Քրեական օրենսգրքի 139-րդ հոդվածի 1-ին մաս և 157-րդ հոդվածի 1-ին մաս)։ Այդ հանցագործությունները պատժվում են մինչև 7 տարի ազատազրկմամբ։

Դատախազությունը դատարանին խնդրել է մեղադրյալի համար հեռակա կարգով ընտրել խափանման միջոց՝ կալանքի տեսքով, որից հետո նրա նկատմամբ կարող է հայտարարվել հետախուզում։