Նեպալի կառավարությունը վերացրել է սոցիալական ցանցերի արգելքը՝ 19 մարդու մահվան պատճառ դարձած բողոքի ցույցերից հետո: Սոցիալական ցանցերի արգելափակումը նույնպես վերացվել է և «դրանք այժմ գործում են», - Reuters-ին ասել է կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Պրիտհվի Սուբբա Գուրունգը:

Նեպալի վարչապետ Քհադգա Պրասադ Շարմա Օլին ցավակցություն է հայտնել բռնության դեպքերի կապակցությամբ՝ հավելելով, որ դրանք «արտաքին ազդեցության» հետևանք են։ Նա նաև հայտարարել է, որ կառավարությունը փոխհատուցում կվճարի զոհերի ընտանիքներին և անվճար բուժում կտրամադրի տուժածներին։ Նրա խոսքով, կստեղծվի քննչական հանձնաժողով, որը 15 օրվա ընթացքում պետք է պարզի զանգվածային բողոքի ցույցերի պատճառները, գնահատի վնասները և առաջարկի միջոցներ՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը բացառելու համար։

Սեպտեմբերի սկզբին Նեպալում արգելվել է մի քանի հայտնի սոցիալական ցանցերի և առցանց հարթակների գործունեությունը։ Որոշումը պայմանավորված է եղել նրանով, որ առցանց ռեսուրսների սեփականատերերը սահմանված ժամկետում չէին դիմել պաշտոնական գրանցման համար։ 2025 թվականի օգոստոսի 28-ից ընկերություններին տրվել է յոթ օր դիմումներ ներկայացնելու համար։ Սակայն խոշոր գլոբալ հարթակների շատ սեփականատերեր անտեսել են Նեպալի իշխանությունների պահանջը։ Արգելքից հետո խոշոր քաղաքները հայտնվել են զանգվածային բողոքի ցույցերի մեջ։ Ռուսաստանի դեսպանատունը խորհուրդ է տվել համաքաղաքացիներին չդուրս գալ փողոցներ Կատմանդուում։ Բողոքի ցույցերի գագաթնակետին Նեպալի խորհրդարանի շենքի մոտ տեղի է ունեցել «Z սերնդի հեղափոխություն» ակցիան, որի արդյունքում ոստիկանության հետ բախումների հետևանքով զոհվել է մոտ երկու տասնյակ մարդ, իսկ մոտ 100-ը՝ վիրավորվել է։