Երևանի ավագանին իր այսօրվա՝ սեպտեմբերի 9–ի նիստի սկզբում օրակարգից հանեց 13–րդ հարցը, որը վերաբերում է Նոր Նորք վարչական շրջանում Գայի պողոտա 45/6 հասցեում բազմաբնակարան շենք կառուցելու նախնական թույլտվություն տալուն։
Հարցն օրակարգից հանելու առաջարկով հանեդ եկավ «Հանրապետություն» խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը, ով առաջարկեց հետագայում քննարկում անցկացնել այս հարցով։
«Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն էլ առաջարկեց բազմաբնակարան շենքի կառուցման թույլտվության հարցը չահանել օրակարգից, այլ դարձնել զեկուցվող, քանի որ հանելը թույլ կտա ավտոմատ կառուցման թույլտվություն տալ։
Նա նաև առաջարկեց 2026-28 թթ միջնաժամկետ զարգացման ծրագրի հարցը դարձնել զեկուցվող։
«Իրականում այս հարցն օրակարգից հանելուց-ընդունելուց շատ բան չի փոխվում, բայց արդեն հանել ենք օրակարգից, կարող ենք մտքերի փոխանակման ֆորմատով այդ քննարկումն իրականացնել և լսել միմյանց»,-արձագանքեց Ավինյանը։
Նա երկորդ առաջարկը դրեց քվեարկության, որը սակայն ՔՊ խմբակցության դեմ քվեարկության հետևանքով չընդունվեց։
«Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Իոսիֆ Կուբատյան առաջարկեց շենքի կառուցման թույլտվությունը քննարկելի դարձնել,որպեսզի լսեն քաղաքապետարանի դիմաց հավաքվածների կարծիքը՝ նաև երեխանիները։
Նշենք, որ խոսքը վերաբերում է Նոր Նորքի 4–րդ զանգվածում խաղահրապարակում շենք կառուցելուն։ Այս պահին բնակիչները բողոքի ակցիա են իրականացնում քաղաքապետարանի դիմաց։
Ակտիվիստ Արթուր Խաչոյանը ակցիայի ժամանակ նշեց, որ դա այդ տարածքի միակ խաղահրապարակն է, որտեղ կան մեծ, կենսունակ ծառեր. «Նախորդ մի քանի ավագանու նիստերով ավագանին դեմ է եղել և չի տրամադրել այստեղ շենք կառուցելու շինթույլտվություն։ Բայց հիմա փորձում են տրամադրել այդ շինթույլտվությունը։ Ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։
Այն, ինչ չարեցին նախկինները, պատրաստում է անել Երևանի քաղաքապետարանը»,–ասաց նա՝ հավելելով, որ քարոզարշավի ժամանակ Տիգրան Ավինյանը խոստացել է, որ այդտեղ բարեկարգվելու է խաղահրապարակը։
Մեկ այլ բնակիչ էլ նշեց, որ երեք անգամ մերժվել է այդտեղ շենք կառուցելու թույլտվություն տալու հարցը, ինչը իրենց հանգստացրել է, բայց հիմա փաստի առաջ են կանգնել։
Հիշեցնենք, որ նախօրեին բլոգեր Արթուր Չախոյանը գրել էր, որ ինքն ու բակի բնակիչները պայքարում են, որ որ բակի միակ խաղահրապարակի փոխարեն 18-հարկանի շենքեր չկառուցվեն։
Նա ընդգծել է, որ այդ հարցով 4 հանրային քննարկում է եղել, որոնցից երեքի դեպքում վարչական շրջանը տվել է բացասական եզրակացություն, և ավագանին նույնպես մերժել է շինթույլտվություն տրամադրել։
«Սակայն սեպտեմբերի 9-ին Երևանի ավագանու չզեկուցվող օրակարգով նախատեսվում է խաղահրապարակի հաշվին տրամադրել շինթույլտվություն 18-հարկանի շենքերի կառուցման համար։
Քաղաքային իշխանության նման որոշումը բացահայտ ոտնահարում է մեր սահմանադրական իրավունքները։ Քանի որ ըստ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի՝ խաղահրապարակի տարածքը համարվում է օտարման ոչ ենթակա հող, և դրա վաճառքն օրենքով արգելվում է։ Այնուամենայնիվ մեր բակի միակ խաղահրապարակի տարածքը ապօրինի վաճառվել է, և այժմ ցանկանում են այնտեղ կառուցել 18-հարկանի շենքեր։
Մեր սահմանադրական իրավունքները ոտնահարված են, և մենք չենք պատրաստվում լռել ու համակերպվել անարդարության հետ։ Այդ պատճառով՝ բակի երեխաների միակ խաղահրապարակի ոչնչացումը թույլ չտալու համար մենք՝ բակի բնակիչներս և խաղահրապարակի համար մեկ փոքրիկ շահառուները, սեպտեմբերի 9-ին՝ ավագանու նիստի օրը, իրականացնելու ենք ակցիա։ Մեր նպատակն է, որ ավագանիները հասկանան խնդրի կարևորությունը և համայնքի շահից ելնելով կայացնեն ճիշտ որոշում»,– նշել էր նա։




























