Պարոն Փամբուխչյան, ձեր տեղը բարդ տեղ է, դուք այս իշխանության պաշտպանական վահանն եք, որովհետև հենց գալիս է ելույթների ժամանակը, հենց տեսնում եք, որ ընդդիմադիրների ձեռքերը շատ են, Ավինյանը գնում է, դուք գալիս եք, այսինքն ձեր կապը ընդդիմության հետ ավելի ուղիղ է, ավելի սերտ է։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 9–ին, Երեւանի ավագանու նիստում հայտարարեց ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Սամվել Հակոբյանը։
««Սիրելի երևանցիներ, 100 միլիոն դրամով Երևանի ավագանու դահլիճը վերանորոգում են։ Դրա լավն այն էր, որ ես մտածում էի, քանի վերանորոգումը տեղի է ունենում, Տիգրան Ավինյանը այն իր հրաշք դուռը չունի, որ նիստերի ժամանակ գնա, բայց առանց այդ դռան մեկ է գնում է։ Վատը այն է, որ խնդրում եմ, թող ձեռք բարձրացնեն նրանք, ովքեր կարծում էին, որ այդ դահլիճը վատն էր: Շատ սիրուն, հարմար դահլիճ էր, ամեն ինչ կար, իշխանությունն էլ չի բողոքում։ Սա հերթական ֆինանսի մսխումն է։ Երբ հարցը գալիս է քաղաքացիների կյանքին, երբ հարցը գալիս է առօրյա խնդիրների, փող չունենք, մենակ ունենք «Լիլիան Արմին» միլիոններ տան, որ մանկապարտեզը թքեն, կպցնեն։
Այս շենքի հետևը թաղել են թափանցիկությունը, խոսքի ազատությունը ու ժողովրդավարությունը, 30 հարց է, երևանցիներին ամենահետաքրքիր քննարկման հարցերը կառուցապատողների արտոնություննե՞րն են։ Տրանսպորտի կամ կարմիր գծերի հարցից ավելի հնչեղ, մեծ քննարկում ու խնդիր իրանից ներկայացնող հարց այս մեր գումարման ժամանակ եղե՞լ է, իմ պատկերացմամբ ոչ։ Բայց դրանք չզեկուցվող են։
Երբ ուզում են ավագանու ընդդիմադիր անդամներին բացասական, սարկաստիկ կերպով ներկայացնեն, ասում են՝ գնում եք, բորդյուր եք նկարում։ Լավ ենք անում, շատ ճիշտ ենք անում, մեկը պետք է մտածի քաղաքացիների մասին»,–ասաց նա։
Անդրադառնալով տրանսպորտային համակարգի վիճակին, Սամվել Հակոբյանն ասաց. «Մենք այսօր ունենք չքննարկվող, չզեկուցվող հարց տրանսպորտի վերաբերյալ, որը ամբողջ հանրությանը հետաքրքրում է։ Հիշում եք՝ այն ժամանակ ֆիլմ կար «Գողանալ մեքենա 60 վայրկյանում»։ Հիմա էլ ավինյանենք նոր կինո են նկարել, հասցրու վճարել ավտոբուսում 60 վայրկյանում։ Ավինյանին և ամբողջ քաղաքային իշխանությանը կոչ եմ անում պիկ ժամին գնացեք կանգառներ, փորձեք մտնել, տեղ անել ավտոբուսում ու 60 վայրկյանում էլ վճարել։ Այդ ձեր հսկիչներին էլ ձեր հետ տարեք այնտեղ, տեսեք ում ձայնը ավելի բարձր կլսվի ձեր ու ձեր հսկիչների, թե այն բնակչության, ով իր ուղիղ կարծիքը կասի տրանսպորտի ձեր բարեփոխումների մասին»։





























