13-ամյա տղան, որին ոստիկանությունը նկարագրել է որպես «դպրոցական կրակոցների դեպքերի մոլուցքով տարված», ձերբակալվել է հրազեն պահելու, սպառնալիքի և բազմաթիվ այլ մեղադրանքներով հաղորդում է Associated Press-ը։
Ոստիկանությունում հայտնել են, որ սոցիալական ցանցերում հայտնաբերել են սպանություն կատարելու մտադրության մասին հաղորդագրություններ և նրա տնից 23 ատրճանակ և զինամթերք են առգրավել։
Անչափահասների գործեր քննող դատարանում երկուշաբթի տղան չի ընդունել իր մեղքն ընդհանուր առմամբ հինգ մեղադրանքով, որոնցից չորսը ծանր հանցագործություններ են։
Նա ձերբակալվել է շաբաթավերջին Վաշինգտոնի Փիրս շրջանում։ Տղայի անունը չի հրապարակվել։
Հրազենը կախված էր պատերից, իսկ ատրճանակները հայտնաբերվել են տանը՝ անկանոն կերպով պահված, երկուշաբթի մամուլի հաղորդագրության մեջ նշել է շերիֆի տեղակալ Քարլի Կապետտոն։
«Կասկածյալի ննջասենյակում հայտնաբերված մի քանի ապացույցներ ցույց են տալիս, որ նա տարված էր դպրոցական կրակոցներով և նման վարքագիծ էր դրսևորում՝ սենյակով մեկ լուսանկարներ և գրություններ փակցնելով,- նշել է նա։ Առգրավվել են «Դպրոցերում կրակոցների դեպքեր» վերնագրով ամսագրեր։ «Կարծես թե կասկածյալը պատրաստվում էր զանգվածային կրակոցներ կատարել։ Հայտնի չէ, թե ով կամ ինչ էր նա թիրախավորում, բայց պարզ է, որ ողբերգական միջադեպը միայն ժամանակի հարց էր»,- հավելել է նա։
Տղայի ծնողները նշել են, որ իրենց որդին որևէ մեկին վնասելու մտադրություն չի ունեցել։
Կապետտոն պատմել է, որ տղան վերջին անգամ Ֆրանկլին Փիրսի շրջանում դպրոց է ընդունվել 2021 թվականին։
Նա ներկայում որևէ դպրոցական շրջանում գրանցնված չէ և ակտիվ աշակերտ չէ։





























