Կառավարությունն իր այսօրվա՝ սեպտեմբերի 11–ի նիստում որոշեց հանել «Մոդերն Ինտերնետ Թեքնոլոջիս» փակ բաժնետիրական ընկերությանը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրից և դադարեցնել շահագործողների ռեեստրում ներառվելու վկայականի գործողությունը։
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այս ընկերությունը «Էկոս» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում ներառվել է 2002–ի սեպտեմբերին՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Շահագործողների ռեեստրում ներառված լինելու ժամկետը սահմանվել է 5 տարի:
Ընկերության կողմից հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված հերթական հայտարարագրի թվային ցուցանիշների ուսումնասիրումից պարզ է դարձել, որ Ընկերությունը բոլոր ցուցանիշների գծով չի կատարել իր կողմից սկզբնական հայտարարագրով ստանձնած պարտավորությունները։ Հանձնաժողովի նիստում կայացված որոշման արդյունքում՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից Ընկերությանը տեղեկացվել է, որ անհրաժեշտ է համապատասխան ժամկետում վերացնել առկա շեղումները և այդ մասին ներկայացնել տեղեկատվություն՝ միաժամանակ նշելով շեղումը չվերացնելու դեպքում շահագործողների ռեեստրից օրենսդրությամբ սահմանված կարգով հանվելու մասին։
Ընկերության կողմից շեղումը չի վերացվել և շեղումը վերացնելու մասին տեղեկատվություն չի ներկայացվել ՀՀ էկոնոմիկայի նախարարություն։ Միաժամանակ, Ընկերության կողմից ներկայացվել են ճշգրտված հերթական հայտարարագրեր, որոնց ուսումնասիրման արդյունքում պարզ է դառնում, որ առկա է Ընկերության կողմից բոլոր տարիների հերթական հայտարարագրերով ներկայացված հանրագումարային բոլոր ցուցանիշների միաժամանակյա՝ օրենսդրությամբ սահմանված չափից ավել շեղում սկզբնական հայտարարագրով ներկայացված հանրագումարային ցուցանիշներից։





























