Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստովանել է, որ պատժամիջոցները լրջորեն ազդել են երկրի տնտեսության և վճարումների վրա և այժմ կրիպտոարժույթները դարձել են գրեթե վերջին փրկօղակը։ «Վերջին հինգ տարիների ընթացքում ազգային տնտեսությունը և դրա հետ մեկտեղ բելառուսական բանկային ոլորտը աննախադեպ մարտահրավերների են բախվել»,- նշել է նա՝ հավելելով, որ կառավարությունը և Ազգային բանկը հանձնարարականներ են ստացել կրիպտոհաբը զարգացնելու վերաբերյալ։

Բելառուսի ղեկավարը վրդովված է, որ պաշտոնյաները երկու տարի շարունակ չեն կարողանում կրիպտոարժույթների կարգավորման համապարփակ համակարգ առաջարկել։ Սեպտեմբերի 9-ին նախագահը հանդիպել է Ազգային բանկի և վարկային կազմակերպությունների ղեկավարության հետ։ Հանդիպման ժամանակ նա հայտարարել է, որ բանկերին անհրաժեշտ է ավելի ակտիվորեն ներդնել թվային ակտիվներ՝ արտաքին վճարումներն ապահովելու համար։ Որպես ոլորտի զարգացման և կարգավորման նախաձեռնություններից մեկը՝ երկրի Ազգային բանկի վարչության նախագահի առաջին տեղակալ Ալեքսանդր Եգորովն առաջարկել է երկրում փորձնական կրիպտոբանկեր ստեղծել։ Լուկաշենկոն աջակցել է այդ գաղափարին։

Սեպտեմբերի 5-ին Լուկաշենկոն նաև խորհրդակցություն է անցկացրել կրիպտոարժույթների վերաբերյալ, որտեղ կոչ է արել մշակել հստակ և թափանցիկ կանոններ, ինչպես նաև շուկայի մոնիթորինգի մեխանիզմներ: Պատճառը Եվրոպայի և Միացյալ Նահանգների պատժամիջոցներն էին, որոնք տնտեսության անկման պատճառ են դարձել: «Մեր համար կարևոր է բաց չթողնել միտումները և չկորցնել տեխնոլոգիական առաջատարությունը: Նա, ով սահմանում է միտումները, ստանում է առավելագույն օգուտ: Աստծո կամքով, մենք կկարողանանք սահմանել այս միտումը և այս առումով «սայլը ձիուց առաջ չդնել», - ընդգծել է Լուկաշենկոն:

Բելառուսի վիճակագրության կոմիտեի տվյալները (Белстат) երկրի արտաքին առևտրային ցուցանիշների վատթարացում են արձանագրել։ 2025 թվականի մայիսին ապրանքաշրջանառությունը նվազել է 3.3%-ով՝ 2024 թվականի մայիսի համեմատ։ Արտահանումը կրճատվել է 4%-ով, ներմուծումը՝ 2.8%-ով։ Առևտրի ընդհանուր ծավալը նվազել է 238 միլիոն դոլարով, որից 134.5 միլիոնը բաժին է ընկել արտահանմանը, իսկ 103.5 միլիոնը՝ ներմուծմանը։ Արտահանման կտրուկ անկումը մեծացրել է առևտրի բացասական մնացորդը։ Ֆինանսների նախարար Յուրի Սելիվերստովը հայտնել է, որ երկիրը պետք է միջոցներ ներգրավի բյուջեի դեֆիցիտը ծածկելու համար, որը 2025 թվականին կազմել է 4.5 միլիարդ բելառուսական ռուբլի կամ ՀՆԱ-ի 1.6%-ը։ 2025 թվականի մարտին ՌԴ Պետդուման վավերացրել է պարտքի մարման խոշոր հետաձգման մասին համաձայնագիրը (ընդհանուր պարտքը մոտ 2 միլիարդ դոլար է), որի վճարումները պետք է սկսվեին ընթացիկ տարում։