Ապրիլի 19-ը, որպես հարկատուի օրը ոչ թե նրա համար է, որ հանրության վզին փաթաթվի հարկն ամեն գնով հավաքելու իմաստով, և ոչ էլ պետք է հանրությանը համոզել կամ բացատրել, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն հարկն ինչ է և այն վճարում են, այլ պետք է ապահովել պարզ բան՝ արդարության սկզբունքը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 12–ին, ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը։
Ըստ նրա, երբ աշխատող աղքատը տեսնում է, որ պետություն իրենից նույն դրույքաչափով հարկ է վերցնում, ինչը միլիոնավոր դրամների աշխատավարձ և եկամուտ ստացողից, ապա դա աշխատող աղքատի համար հասկանալի չէ։
Ավետիսյանն ասաց, որ արդարության սկզբունքին հակասում է նաև այն գործողությունը, երբ պետությունը տնտեսվարողին ասում է, որ իր շրջանառության 20%-ը շահույթ է գնահատում և այն պետք է հարկի։
«Այ սրանք են, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն»,-ասաց ընդդիմադիր պատգամավորը և օրինակ բերեց իրավիճակը, երբ հարկային տեսուչը մեկ տնտեսվարողի վրա 50 անգամ ավել ակտ է գրում, քան իրականում կա և կանչում առանձին բանակցում են քննիչների կաբինետներում, դա հարկային տեռոր է և կապ չունի արդյունավետ հարկհավաքման հետ։
Թադևոս Ավետիսյանը կարևորեց նաև հավաքված հարկերի օգտագործման արդյունավետությունը և երբ հարկատուն տեսնում է, թե իշխանությունները ինչպես են մսխում հարկերը մեկ անձից իշխանամերձերից գնումներ անելով կամ ԱՆԻՖ -ի նման գումարները փոշիացնելով, արդյունքում խախտվում է արդարության սկզբունքը ։
«Սա կոմպլեքս պետք է դիտարկեք, հակառակ պարագայում, ինչքան էլ համոզեք՝ հարկատուն չի դառնա ձեր ուզած հերոսը։ Հարկատուն հենց նույն ՀՀ քաղաքացին է, հերոսն է, նա հերոս է՝ առաջին հերթին, երբ իր հայրենիքն է պաշտպանում, ընտանիք է ստեղծում, հայ մարդու կողքին էկանգնում, իր տեսակն է պաշտպանում։ Եթե մի մասը հերոս չի, ապա այդտեղ միայն դուք եք մեղավոր՝ որպես իշխանություն»,- հայտարարեց Թադևոս Ավետիսյանը։





























