ՀՀ-ն շարունակելու է վարել բալանսավորված քաղաքականություն, բոլոր հարևանների հետ ունենալու է կարգավորված հարաբերություններ՝ հանուն Հայաստանի Հանրապետության սուվերենության, տարածքային ամբողջականության, սահմանների անխախտելիության և մեր ժողովրդի բարեկեցության ու խաղաղության: Այս մասին, սեպտեմբերի 11–ին, ԱԺ–ում իր ելույթում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը՝ ի պատասխան ընդդիմադիր գործընկերների՝ իշխանության հասցեին հնչող քննադատությունների:
«Ինչե՞ր եք խոսում, ժողովուրդ ջան, և, ընդհանրապես, դուք դեռ խոսո՞ւմ եք: Դուք այն մարդիկ էիք, որ հնարավոր բոլոր ստերը տարածեցիք խաղաղության համաձայնագրի տեքստի մասին: Տեքստը հրապարակված է, և այդ տեքստում ոչինչ չկա ձեր տարածած ստերի մասին։ Հիմա չեք ուզո՞ւմ գաք, էստեղ ու ասեք՝ մենք անկեղծորեն տենց էթինք մտածում, բայց ներեցեք մեզ, գետինը մտնենք մենք որպես ընդդիմադիրներ, որ ձեզ խաբում էինք։ Խի՞ չեք գալիս ասում»,–ասաց նա։
Ինչ վերաբերում է ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանին, Արթուր Հովհաննիսյանն ասաց. «Գառնիկ Դանիելյանն ասում է՝ ես եմ փրկել եկեղեցին։ Մերօրյա Ռեմբոն է։ Դուք սառեցված ձեր սրբազանի հետ ստում էիք, խաբում էինք։ Եկեք ասեք, որ խաբում էինք, կամ ասեք՝ սխալվում էինք, որ խոսելու իրավունք ունենաք, հարց տալու լեգիտիմություն ունենաք: Որովհետև ոնց կարելի է 4 տարի գալ, ինչ սուտ ասես ասել, տեռորի ենթարկել մարդկանց՝ հլը որ վերբալ ու հոգեբանական, հետո գալ սրբի դեմքով ինչ-որ ճշմարտություններից փորձել խոսել, որոնք էլի բացարձակապես կապ չունեն որևէ ճշմարտության հետ։
Ասում է՝ մենք խաղաղություն ենք ուզում, բայց եկեղեցուց երեք մետր այն կողմ օտար երկրի սահման չլինի։ Մենք խաղաղություն ենք ուզում մի պետության հետ, որը գոյություն չուներ։ Էս ինչե՞ր եք խոսում։ Ձեր յուրաքանչյուր միտք հակասում է նախորդ մտքին»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
«Եկել ասում եք՝ վերադարձ: Ձեր առաջարկը ո՞րն է: Ձեր կողմից այս տեքստը ասելը ահավոր է, դուք մարդիկ եք, որոնք թույլ չեն տվել, որ ԼՂ հայ ժողովուրդը բանակցի Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, որպեսզի կարողանա ոչ թե վերադառնա հետո, այլ մնա: Մնա ու չանցնի այս դժոխային իրավիճակի միջով, մնա իր հողում: Ինքնորոշում եք խոսում, խառը բաներ եք խոսում, էդ ամենի պայմանավորվածության հնարավորության դուռը դուք փակել եք Ղարաբաղի ժողովրդի համար: Չե՞ք ուզում Ղարաբաղի ժողովրդին ասեք՝ մենք գետինն ենք մտնում, որ թույլ չենք տվել ձեզ բանակցել ձեր իրավունքների համար:
Ձեր կողմից իշխանական, պալատական հեղաշրջման հետևանքով լուծարվել է ձեր կողմից անդադար հիշատակվող Արցախի Հանրապետությունը: Լուծարել եք, դրոշները բերել, դրել եք էդտեղ, որ ի՞նչ: Ամաչեք Ղարաբաղի ժողովրդից, և Ղարաբաղի ժողովուրդը ձեզանից այդ պատասխանը պետք է ստանա»,- դիմելով ընդդիմադիր պատգամավորներին՝ հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղարը:
Նա մարտահրավեր նետեց ընդդիմադիրներին՝ ասելով, թե այն տեքստերը, որոնք նրանք ասում են ԱԺ ամբիոնից, գնան ու ասեն ՀՀ քաղաքներում, մարզերում ու կենտրոնական հրապարակներում:




























