Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11:20-ի սահմաններում Էջմիածին - Մասիս ավտոճանապարհի Զորակ գյուղի վարչական տարածքում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 30-ամյա Արման Ու.-ի վարած «Nissan Tiida» և Արարատի մարզի բնակիչ 24-ամյա Մանուկ Մ.-ի վարած «Audi» մակնիշի ավտոմեքենաները, հաղորդում է Shamshyan.com–ը։
Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մասիս» բժշկական կենտրոն։
Վիրավորներին առաջինն օգնության են հասել վթարի հարևանությամբ գործող ավտովերանորոգման կետի աշխատակիցներ, Մասիս քաղաքի բնակիչներ։
Օպերատիվորեն ժամանած «Մասիս» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը տեղում անհրաժեշտ բուժօգնություն է ցուցաբերել, ապա տեղափոխել հիվանդանոց։
Բախման հետևանքով «Audi»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել մի քանի գյուղեր սնուցող գազատար խողովակի հենասյանը, կոտրել այն, ինչից առաջացել է գազի արտահոսք։
«Գազպրոմ Արմենիա»-ի Մասիսի գրասենյակի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը ու արդեն սկսել են վթարը վերացնելու աշխատանքներ իրականացնել։
Գազի վթարի հետևանքով 5 գյուղ այս պահին գազազրկված է։
Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Մասիսի բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Բախման հետևանքով «Audi»-ի վրայից մի քանի դետալներ կոտրվել ու շպրտվել են՝ վնասելով ճանապարհից մի քանի մետր հեռավորության վրա կայանված «Toyota Land Cruiser» մակնիշի ավտոմեքենան։



























