Երաշտի պատճառով, գյուղատնտեսական ձեռնարկություններին ոռոգման ջրով ապահովելու համար, առաջարկվում է Սևանա լճից նախատեսված ջրառը ավելացնել 30 միլիոն խորանարդ մետրով: Դրա մասին սեպտեմբերի 12-ին Ազգային ժողովի արտահերթ նիստում հայտարարել է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը՝ «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախագծի քննարկման ժամանակ:
Այսպիսով, ինչպես նշել է նախարարը, ջրառի ընդհանուր ծավալը կկազմի 200 միլիոն խորանարդ մետր՝ նախկինում նախատեսված 170 միլիոն խորանարդ մետրի փոխարեն:
«Երկարատև շոգ և չոր եղանակի պատճառով Մարմարիկ, Հրազդան, Քասախ և Ազատ գետերի ջրի հոսքը կտրուկ նվազել է։ Ջրի պահանջարկը բավարարելու համար նախատեսվածից շուտ ջրային բացթողումներ են իրականացվել ինչպես ջրամբարներից, այնպես էլ Սևանա լճից (մոտավորապես 10 օր շուտ, քան նախատեսված էր)»,- ասել է Խուդաթյանը։
Կառավարության ներկայացուցչի առաջարկը պատգամավորները տարբեր արձագանքների են արժանացրել՝ չնայած նրա հնչեցրած բոլոր փաստարկներին։ Ավելին, դժգոհություն են հայտնել և՛ ընդդիմադիր, և՛ իշխող «ՔՊ» կուսակցության պատգամավորները։
Մասնավորապես, ընդդիմությունը գոհ չէր այդ հարցի արագացված քննարկումից։ Նրանք նման որոշումը տարօրինակ և անարժանահավատ համարեցին։
«Դուք Սևանա լճին ջրի տարայի պես եք վերաբերվում»,- հայտարարել է ընդդիմադիր պատգամավոր Թագուհի Թովմասյանը։
Խուդաթյանը, ինչպես և սպասվում էր, այդ պնդման հետ չի համաձայնել։





























