ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը վերջերս կասկածներ է հայտնում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի վրա իր ազդեցության վերաբերյալ, գրում է Axios-ը։
Իրավիճակին մոտ կանգնած աղբյուրի համաձայն, նա իր վստահված անձանց խոստովանել է, որ սխալ է գնահատել Ռուսաստանի ղեկավարի՝ հանուն խաղաղության պատրաստակամությունը։
Շաբաթ օրը Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցներ կսահմանի միայն այն դեպքում, եթե ՆԱՏՕ-ի բոլոր երկրները բարձր մաքսատուրքեր սահմանեն Չինաստանի համար։
Ավելի վաղ նա բազմիցս սպառնացել էր ուժեղացնել ճնշումը Մոսկվայի վրա՝ նրան ստիպելու դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, սակայն, չնայած բազմաթիվ հրապարակային հայտարարություններին, մինչև այժմ չէր համարձակվել լրացուցիչ պատժամիջոցների գնալ։
Ըստ Թրամփի, Չինաստանի նկատմամբ մաքսատուրքերի սահմանումը Պեկինին կստիպի ճնշում գործադրել Վլադիմիր Պուտինի վրա՝ պատերազմն ավարտելու համար։
Դեռ մեկ ամիս առաջ Թրամփը խոստացել էր, որ Պուտինը լուրջ հետևանքների կբախվի, եթե Ալյասկայում նրանց հանդիպման ժամանակ չհամաձայնի հրադադարի կամ չձեռնարկի խաղաղությանն ուղղված զգալի քայլեր, ընդգծում է ԶԼՄ-ն։
Սակայն քանի որ Պուտինը չհամաձայնեց ոչ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպմանը, ոչ էլ հրադադարին, նոր պատժամիջոցներ այդպես էլ չսահմանվեցին։
Փոխարենը, վարչակազմը Պուտինի վրա ճնշում գործադրելու պատասխանատվությունը բարդեց Եվրոպայի վրա՝ ԵՄ-ից պահանջելով լրացուցիչ պատժամիջոցներ Մոսկվայի և Չինաստանի դեմ՝ ռուսական նավթ գնելու համար։ Մինչդեռ այս շաբաթ Ռուսաստանը պատերազմի ընթացքում ամենամեծ օդային հարվածն է հասցրել ուկրաինական քաղաքներին։ Չորեքշաբթի օրը 19 ռուսաստանյան անօդաչու թռչող սարք է հատել Լեհաստանի օդային տարածքը։ ՆԱՏՕ-ի դաշնակիցները դա գնահատել են որպես վտանգավոր և միտումնավոր սադրանք, սակայն Թրամփը հայտարարել է, որ դա «կարող էր սխալմունք լինել»։
Շաբաթ առավոտյան նա Truth Social սոցիալական ցանցում հրապարակել է «ՆԱՏՕ-ի բոլոր երկրներին և աշխարհին ուղղված նամակ» վերնագրով հաղորդագրություն։ Դրանում Թրամփը գրել է, որ պատրաստ է լայնածավալ պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, բայց պայմանով, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները կանեն նույնը և կդադարեն ռուսական նավթ գնել։ Նա ընդգծել է. «ՆԱՏՕ-ի՝ հանուն հաղթանակի պարտավորությունները հեռու էին 100%-ից, իսկ որոշ երկրների կողմից ռուսական նավթի գնումը պարզապես ցնցող է։ Սա լրջորեն թուլացնում է ձեր դիրքերը և Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու հնարավորությունները»։
Հատկապես նա առանձնացրել է Հունգարիան և Սլովակիան՝ Թրամփի առանցքային դաշնակիցներին Եվրոպայում, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել։
Բացի այդ, Թրամփն առաջարկել է, որ ՆԱՏՕ-ի բոլոր երկրները 50%-ից մինչև 100% չափով մաքսատուրքեր սահմանեն չինական ապրանքների համար և հստակ հասկացնեն Պեկինին, որ դրանք կվերացվեն միայն Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո։ «Չինաստանը ուժեղ ազդեցություն ունի Ռուսաստանի վրա, և այդ հզոր մաքսատուրքերը կքանդեն այդ կապը, - գրել է նա։ - Եթե ՆԱՏՕ-ն վարվի այնպես, ինչպես ես եմ ասում, պատերազմը արագ կավարտվի։ Եթե ոչ՝ դուք պարզապես վատնում եք իմ ժամանակը, ինչպես նաև ԱՄՆ-ի ժամանակը, ուժերը և փողերը»։
Նախօրեին G7 երկրների ֆինանսների նախարարները վիրտուալ հանդիպում են անցկացրել՝ քննարկելու, թե ինչպես ուժեղացնել տնտեսական ճնշումը Ռուսաստանի վրա։ ԱՄՆ ֆինանսների նախարարության հաղորդմամբ, ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հանդիպմանը շեշտել է, որ G7 երկրները պետք է պատժամիջոցներ և մաքսատուրքեր սահմանեն բոլոր պետությունների դեմ, որոնք շարունակում են ռուսական նավթ գնել։