Նեպալի նոր վարչապետ Սուշիլա Կարկին կիրակի խոստացել է հետևել բողոքողների «կոռուպցիան վերացնելու» պահանջներին՝ ստանձնելով ժամանակավոր վարչապետի պաշտոնը այն բանից հետո, երբ «Z սերնդի» երիտասարդական ցույցերը տապալեցին իր նախորդին, հայտնում է AFP-ն։
«Մենք պետք է աշխատենք Z սերնդի գաղափարներին համապատասխան,- հայտարարել է Սուշիլա Կարկին ուրբաթ պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին հրապարակային ելույթում։- Այս խումբը պահանջում է կոռուպցիայի վերացում, պատշաճ կառավարում և տնտեսական հավասարություն։ Մենք վճռական պետք է լինենք դա իրականացնելու համար»։
Կիրակի նախկին գերագույն դատարանի 73-ամյա նախագահը մեկ րոպե լռությամբ հարգել է անկարգությունների զոհերի հիշատակը, մինչև հանրահավաքները կսկսվեին Սինգհ Դուրբարի կառավարական համալիրում, որտեղ երեքշաբթի զանգվածային բողոքի ակցիաների ժամանակ մի քանի շենք էր այրվել։
Առնվազն 72 մարդ է զոհվել երկու օրվա բողոքի ակցիաների ընթացքում, իսկ 191-ը վիրավորվել է, կիրակի հայտնել է կառավարության գլխավոր քարտուղար Էակնարայան Արյալը՝ ավելացնելով զոհերի թիվը մինչև 51-ի։ Սրանք ամենամեծ անկարգություններն էին տասնամյա քաղաքացիական պատերազմի ավարտից և 2008 թվականին միապետության վերացումից հետո։
Կարկիի նշանակումը, որը հայտնի է իր անկախությամբ, տեղի է ունեցել ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար գեներալ Աշոկ Ռաջ Սիգդելի և նախագահ Ռամ Չանդրա Պաուդելի լարված բանակցություններից հետո, այդ թվում՝ «Z սերնդի» բողոքի շարժման ներկայացուցիչների հետ։ Հազարավոր երիտասարդ ակտիվիստներ օգտագործել են Discord հավելվածը՝ Կարկիին որպես հաջորդ ղեկավար ընտրելու համար։
«Ես չէի ցանկանում գալ այստեղ այն իրավիճակի պատճառով, որում հայտնվել էի։ Իմ անունը հնչեցվել է փողոցներում»,- ասել է նա։
Խորհրդարանը ցրվել է, իսկ ընտրությունները նշանակվել են 2026 թվականի մարտի 5-ին։
«Ցանկացած պարագայում վեց ամսից ավելի մենք այստեղ չենք մնա, մենք կկատարենք մեր պարտականությունները և կպարտավորվենք դրանք հանձնել հաջորդ խորհրդարանին և նախարարներին,- ավելացրել է նա իր ուղերձում։- Դա հնարավոր չէ առանց ձեր աջակցության»։