Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ եռակողմ գագաթնաժողովի կազմակերպման հարցում առաջընթաց չկա։
«Ոչ, մինչ այժմ առաջընթաց չկա», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյոք կա՞ համաձայնություն եռակողմ հանդիպման վերաբերյալ, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Պեսկովը նշել է, որ Ռուսաստանը «պահպանում է թափանցիկությունը և երկխոսության պատրաստակամությունը»։ Նրա կարծիքով՝ Կիևը «արհեստականորեն դանդաղեցնում է» հակամարտության կարգավորման գործընթացը, իսկ եվրոպական երկրները «միջամտում են հարցին»։
«[Բանակցություններում] այս դադարը ակնհայտ է։ Դուք տեսնում եք, որ ուկրաինական դիրքորոշման մեջ ճկունություն չկա և Կիևի ռեժիմի կողմից իսկապես լուրջ քննարկումներ սկսելու պատրաստակամություն չկա։ Կան անհապաղ հանդիպման կոչեր, բայց դա, ամենայն հավանականությամբ, ուղղված է նման կոչերի հուզական ազդեցությանը», - հավելել է Պեսկովը (մեջբերել է «Ինտերֆաքսը»)։
Կրեմլի խոսնակը մեկնաբանել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները՝ Ռուսաստանի դեմ ավելի խիստ պատժամիջոցներ կիրառելու անհրաժեշտության մասին։
«Մենք լսեցինք այդ հայտարարությունները», - ասել է Պեսկովը։
Դոնալդ Թրամփն ավելի վաղ կասկած էր հայտնել Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահների միջև ուղիղ բանակցությունների հնարավորության վերաբերյալ՝ նրանց անձնական թշնամանքի պատճառով։ Թրամփը ենթադրել էր, որ ինքը ստիպված կլինի բանակցել և նշել էր, որ դա կարող է «համեմատաբար շուտով» տեղի ունենալ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին բազմիցս խոսել է Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելու իր պատրաստակամության մասին։ Պուտինը պատասխանել է՝ նրան հրավիրելով Մոսկվա, իսկ Կրեմլը խոսում է նախագահների հանդիպմանը ուշադիր նախապատրաստվելու անհրաժեշտության մասին։




























