ՆԱՏՕ-ն փաստացի կմտնի Ռուսաստանի դեմ պատերազմի մեջ, եթե իրականացվի Ուկրաինայի վրայով թռիչքներից զերծ գոտի ստեղծելու և ՆԱՏՕ-ի ու ԵՄ պետությունների կողմից ռուսական անօդաչու սարքերի ու հրթիռների ոչնչացման գաղափարը։ Այս մասին իր Telegram ալիքում հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։

«Կիևի և մյուս հիմարների սադրիչ գաղափարի իրականացումը՝ «Ուկրաինայի վրայով թռիչքների արգելված գոտի» ստեղծելու և ՆԱՏՕ-ի երկրների կողմից մեր անօդաչու թռչող սարքերը խոցելու հնարավորության մասին, կնշանակի միայն մեկ բան՝ պատերազմ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև», - գրել է նա։ Այսպես է Մեդվեդևը մեկնաբանել Լեհաստանի արտգործնախարար Ռադոսլավ Սիկորսկու կիրակի օրը արված հայտարարությունը, որը, ի պատասխան ռուսական անօդաչու թռչող սարքերի ՆԱՏՕ-ի օդային տարածք ներխուժման, կոչ էր արել «փակել» Ուկրաինայի երկինքը։

Սիկորսկու խոսքով՝ ՆԱՏՕ-ի և ԵՄ դաշնակիցների համար օգտակար կլինի, եթե Կիևը խնդրի նրանց խոցել ռուսական անօդաչու թռչող սարքերը իրենց օդային տարածքում։ Երկու դաշինքների անդամ երկրները կարող են դա անել միասին, նշել է նախարարը։

Մեդվեդևը նաև հայտարարել է, որ Ռուսաստանը «մինչև դարի վերջ» և «բոլոր հնարավոր միջոցներով» կհետապնդի եվրոպացի քաղաքական գործիչներին, որոնք կողմ են ԵՄ-ում սառեցված ռուսական ակտիվների բռնագրավմանը։ Ավելին, Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալը սպառնացել է հետապնդումներով, այդ թվում՝ «դատարանից դուրս»։

Սեպտեմբերի 13-ին ռուսական անօդաչու թռչող սարքը ներխուժել են ՆԱՏՕ-ի անդամ Ռումինիայի օդային տարածք։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի տվյալներով՝ անօդաչուն մտել է Ռումինիայի տարածք մոտ 10 կմ խորությամբ և նրա օդային տարածքում է գտնվել մոտ 50 րոպե։ Օդ են բարձրացվել երկու F-16 և երկու Eurofighter կործանիչներ՝ օդային տարածքը խախտողին որսալու համար։ Երկրի պաշտպանության նախարարության տվյալներով՝ ինքնաթիռները չեն խոցել ԱԹՍ-ն, քանի որ այն գնացել է Ուկրաինայի տարածք։

Մի քանի օր առաջ, Ուկրաինայի վրա Ռուսաստանի զանգվածային օդային հարձակման ժամանակ, մի քանի ռուսական անօդաչու թռչող սարքեր խախտել են Լեհաստանի օդային տարածքը։ Ռազմական ավիացիան խոցել էր թիրախների մի մասը։ Ավելի ուշ հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը հայտնել է, որ գրանցվել է 19 օդային օբյեկտի ներխուժում և խոցվել են նրանք, որոնք վտանգ էին ներկայացնում։ Տեղի ունեցածը նա անվանել է «լայնածավալ սադրանք»։