Մոսկվայի մարզի դատարանը ձերբակալել է գործարար Արայիկ Ամիրխանյանին՝ Գերագույն ռադայի նախկին պատգամավոր Իլյա Կիվայի սպանության գործով, ՌԻԱ Նովոստիին հայտնել է աղբյուրը։
«Մոսկվայի մարզի դատարանը Կիվայի սպանության գործի շրջանակներում Ամիրխանյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրել կալանքը»,- ասել է գործակալության զրուցակիցը, ով ծանոթ է քննության ընթացքին։
Միաժամանակ, Ամիրխանյանն արդեն կալանավորված է եղել՝ կաշառակերության գործով։
Ամռան սկզբին նա դատապարտվել է վեց տարվա ազատազրկման ընդհանուր ռեժիմի ուղղիչ գաղութում՝ տուգանքով։ Դատարանը պարզել է, որ մեղադրյալը երկու անգամ գումար է փոխանցել դատական կատարածուին՝ օրենքի խախտմամբ ընկերության հաշիվներից կալանքը վերացնելու համար։ Օգոստոսի վերջին վերաքննիչ դատարանը դատավճիռը օրինական է ճանաչել։
Կիվայի դին հայտնաբերվել է 2023 թվականի դեկտեմբերի 6-ին Մոսկվայի մարզի Սուպոնեվո գյուղում, հարուցվել է սպանության գործ։ Նախնական քննության տվյալներով՝ երեկոյան ամառանոցային գյուղերից մեկի այգում անհայտ անձը կրակել է քաղաքական գործչի վրա, որը տեղում մահացել է։
Ավելի ուշ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության (ԳՀՎ) ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը հայտարարել է, որ Կիվան սպանվել է «Ուկրաինայի անվտանգության ծառայության կողմից անցկացված հատուկ գործողության ժամանակ»։




























