ԱՄՆ-ի Տեխաս նահանգի կրթության գործակալությունը շուրջ 180 բողոք է քննում ուսուցիչների դեմ, որոնք սոցցանցերում մեկնաբանել են աջ ակտիվիստ Չարլի Քըրքի սպանությունը: Այս մասին հայտնել է The Texas Tribune պորտալը ։
Ինչպես նշվում է հրապարակման մեջ, Քըրքի սպանությունից հետո ամերիկացի օրենսդիրներն ու ակտիվիստները կոչ են արել հեռացնել նրանց, ովքեր ծաղրել են քաղաքական գործչին կամ ուրախացել նրա մահվամբ։ Տեխասի նահանգապետ Գրեգ Էբբոթը «X»-ում հայտարարել է, որ Կրթության գործակալությունը հետաքննություն է անցկացնում և նշել է, որ այն իրականացվում է «այն [ուսուցիչների] նկատմամբ, ովքեր բռնության կոչ են արել կամ հրահրել դա Քըրքի սպանությունից հետո»։
Գործակալության տնօրեն Մայք Մորաթը լրատվամիջոցին ասել է, որ ինքը կառաջարկի կասեցնել այն մանկավարժների լիցենզիաները, որոնք կարգապահական տույժերի կենթարկվեն: «Չնայած բոլոր մանկավարժները պետք է ենթարկվեն պրոֆեսիոնալիզմի բարձր չափանիշների, այնուամենայնիվ տարբերություն կա անտակտ մեկնաբանությունների և այն մեկնաբանությունների միջև, որոնք բռնության կոչ են անում և հետագայում էլ հրահրում են այն: Վերջիններս ակնհայտորեն անընդունելի են», - հավելել է նա:
Պորտալի տվյալներով՝ Տեխասի առնվազն վեց դպրոցական շրջանների ուսուցիչներ կարգապահական տույժերի են ենթարկվել Քըրքի մահվան վերաբերյալ իրենց արած մեկնաբանությունների համար, քանի որ դրանք չեն համապատասխանել կրթական հաստատությունների «արժեքներին»։



























