Մինսկի քաղաքային դատարանը լրագրող և քաղաքագետ Իգոր Իլյաշին դատապարտել է չորս տարվա խիստ ռեժիմի գաղութային բանտարկության՝ «Բելառուսն արատավորելու» և «ծայրահեղական» գործունեությանը նպաստելու մեղադրանքով, հայտնում է «Наша Ніва»-ն։

Դատախազը նույն ժամկետն է պահանջել։ Իլյաշն իր մեղքը չի ընդունել։

Լրագրողը ձերբակալվել էր 2024 թվականի հոկտեմբերին։ Ինչպես գրում էին բելառուսական իշխանամետ լրատվամիջոցները, Իլյաշի հետապնդման պատճառ են դարձել Բելառուսի անկախ լրատվամիջոցներին տված նրա հարցազրույցները, որոնք իշխանությունների կողմից հայտարարվել են «ծայրահեղական կազմավորումներ», հաշվի են առնվել նաև օտարերկրյա, այդ թվում՝ ուկրաինական պարբերականներին տված նրա հարցազրույցները։

Բելառուսի մարդու իրավունքների պաշտպանները Իլյաշին ճանաչել են որպես քաղբանտարկյալ։

Իգոր Իլյաշը պարբերաբար լրատվամիջոցների համար մեկնաբանել է Բելառուսում տեղի ունեցող իրադարձությունները, այդ թվում՝ ընդդիմության դեմ բռնաճնշումները և Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ռազմական ագրեսիայում Լուկաշենկոյի ռեժիմի մասնակցությունը։ Միևնույն ժամանակ, Իլյաշը հրաժարվում էր լքել Բելառուսը, քանի որ նրա կինը՝ «Բելսատ» հեռուստաընկերության լրագրող Եկատերինա Անդրեևան գտնվում էր ճաղերի հետևում։

Անդրեևան իր գործընկեր Դարյա Չուլցովայի հետ ձերբակալվել է Մինսկում 2020 թվականի նոյեմբերին՝ ընդդիմության ակցիայից ուղիղ եթեր հեռարձակելու համար։ 2021 թվականի փետրվարին նրանք դատապարտվել էին երկու տարվա ազատազրկման՝ մեղադրվելով ակցիան կազմակերպելու մեջ։ 2022 թվականի հուլիսին դատարանը Անդրեևային նոր պատիժ էր նշանակել՝ ութ տարի և երեք ամիս ազատազրկում՝ «պետական դավաճանության» մեղադրանքով։