Սեպտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Լեհաստանի երկնքում նկատվել են Ռուսաստանի կողմից արձակված բազմաթիվ անօդաչու թռչող սարքեր, որոնք խախտել են երկրի օդային տարածքը: Այդ անօդաչու թռչող սարքերից մեկը, կամ դրա բեկորներն, ընկել են Լյուբլինի վոյեվոդության Վիրիկի Վոլա գյուղի բնակելի շենքի վրա, որը Բելառուսի հետ սահմանի մոտ է: Սակայն, ոչ ոք չի տուժել, գրում է Rzeczpospolita-ն:

Ավերվել կամ լուրջ վնասվել է տանիքը, վնասվել է նաև մոտակայքում կայանված ավտոմեքենան: Տեղի բնակիչները նկարագրում են ուժեղ պայթյուն, տան ցնցում, վիբրացիա և բարձր աղմուկ: Քաղաքապետը հաստատել է, որ շենքը վնասվել է, իշխանությունները ձեռնարկել են նյութական կորուստների գնահատում և տուժածներին օգնություն:

Լեհաստանի դատախազությունը դեռևս փորձում է պարզել, թե ինչն է հատկապես ընկել տան վրա՝ ամբողջական անօդաչու թռչող սա՞րքը, թե՞ դրա բեկորները: Ստուգվում է նաև՝ արդյոք անօդաչու թռչող սարքը խոցել են պաշտպանության ուժե՞րը. ենթադրվում է, որ խոցմանը կարող էին մասնակցել F-16 ինքնաթիռներ:

Տեղական ծառայություններն արձագանքել են. տեղում են ոստիկանությունը, հրշեջ և փրկարարական ծառայությունները, բնակիչները ստանում են հոգեբանական աջակցություն, անվտանգության նկատառումներից ելնելով դպրոցներում դասերը չեղարկվել են։