Սիրիայի արտգործնախարար Ասաադ աշ-Շաիբանին երեքշաբթի հայտարարել է Հորդանանի և ԱՄՆ-ի աջակցությունը վայելող ծրագրի մասին՝ հուլիսին դրուզներով բնակեցված Աս-Սուեյդա նահանգում «հանգիստը վերականգնելու» նպատակով, հաղորդում է Ֆրանսպրես գործակալույթյունը։
«Սիրիայի կառավարությունը մշակել է գործողությունների հստակ ճանապարհային քարտեզ... Այն աջակցում է արդարադատությանը և կառուցում վստահություն»,- մամուլի ասուլիսում հայտարարել է աշ-Շաիբանին՝ հավելելով, որ ծրագիրը «արդարադատության առաջ կկանգնեցնի» քաղաքացիական անձանց վրա հարձակվածներին, «կփոխհատուցի զոհերին» և «կմեկնարկի ներքին հաշտեցման գործընթաց»։
Շաիբանին շեշտել է, որ ծրագիրը կուղեկցվի բռնության առնչությամբ Միացյալ ազգերի կազմակերպության հետաքննությամբ:
Հորդանանի արտգործնախարար Այման Սաֆադին, որը մասնակցել է միջոցառմանը ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի հետ, հյատարարել է, որ «սիրիա-հորդանանա-ամերիկյան համատեղ մեխանիզմը» կապահովի ծրագրի իրականացումը։ Բարաքը երեքշաբթի Սիրիայի կառավարության ձեռնարկած քայլերը «պատմական» է անվանել։
Ըստ Բարաքի՝ Վաշինգտոնը համագործակցում է հարևան երկրների հետ՝ «օգնության, փոխըմբռնման, աջակցության այդ թելերը նոր գոբելենի մեջ հյուսելու համար, և ես կարծում եմ, որ այսօրը կարևորագույն իրադարձություն է բոլորիս համար»։
Ավելի վաղ՝ նույն օրը, Սիրիայի իշխանությունները հայտարարել էին Աս-Սուեյդա քաղաքում ներքին անվտանգության ղեկավարի նոր պաշտոնի ստեղծման մասին՝ այդ պաշտոնում նշանակելով դրուզ պաշտոնյայի։





























