Իրանում ոչ ոք չի կարծում, որ Ռուսաստանը հենց այնպես չի հեռանա Հարավային Կովկասից։ NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Իրանի և Եվրասիայի ուսումնասիրությունների ինստիտուտի փորձագետ, իրանցի քաղաքագետ Ղոդրաթոլլահ Շաֆիեն։

Ըստ նրա՝ Ուկրաինայում պատերազմի պատճառով Ռուսաստանը թուլացրել է ակտիվությունը, հատկապես մերձավոր արտասահմանի երկրներում։

Փորձագետը նկատեց, որ դա դրսևորվեց  Սիրիայում, որտեղ Ռուսաստանը Թուրքիայի դեմ ոչինչ չձեռնարկեց, բայց դա, նրա գնահատմամբ, չի նշանակում, թե Մոսկվան միշտ նման կերպ կվարվի, հատկապես, երբ խոսքը վերաբերում է Կովկասին։

«Սա շատ կարևոր տարածաշրջան է Ռուսաստանի համար։ Ռուս-պարսկական պատերազմից հետո 200 տարի շարունակ ռուսներն ամեն ինչ անում են Կովկասում մնալու համար։ Դա պայմանավորված է նրանով, որ եվրոպացիների, թուրքերի, ՆԱՏՕ-ի համար Կենտրոնական Ասիա տանող ճանապարհն անցնում է Կովկասով, քանի որ Ռուսաստանը գտնվում է հյուսիսում, իսկ Իրանը՝ հարավում։

Ուկրաինայում պատերազմի ավարտից հետո Ռուսաստանը կսկսի լրջորեն զբաղվել Կովկասի հարցերով»,- ընդգծել է Շաֆիեն։

Ինչ վերաբերում է Իրանին, տնտեսական հարցերը լուծելուց և ԱՄՆ-ին ու Իսրայելին հակազդելուց հետո այն ևս ավելի ակտիվորեն կմասնակցի Կովկասի հարցերին, կարծում է փորձագետը։

Նրա բնորոշմամբ՝ Թրամփին Կովկասի հարցերի շուրջ պետք չէ Ռուսաստանի կամ Իրանի հետ համաձայնությունը, քանի որ վերջիններս ներկայում ի վիճակի չեն որևէ բան թելադրել ԱՄՆ-ին, ուստի Վաշինգտոնն առաջ է մղում սեփական օրակարգը։

«Իրանը չկարողացավ օգտվել հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամից և ավելի սերտ հարաբերություններ հաստատել Երևանի հետ։ Դա հանգեցրեց նրան, որ Թրամփն օգտվեց իրավիճակից։ Եվ հիմա ո՛չ Իրանը, ո՛չ էլ Ռուսաստանը չեն մասնակցում տարածաշրջանում իրականացվող նախագծերին, փոխարենը դա անում են նրանց հակառակորդները՝ հանձին Միացյալ Նահագների»,- շեշտեց քաղաքագետը։

Նրա կարծիքով՝ Հայաստանն ունի իր սեփական պատճառներն ու պատրվակները Ռուսաստանի հետ սերտ հարաբերությունների մեջ չլինելու համար։ «Ընդ որում, Մոսկվան չի ցանկանում, որ Հայաստանի հետ հարաբերությունները վատանան։ Միևնույն ժամանակ, Թուրքիայի հետ հարաբերությունները Ռուսաստանի համար ավելի կարևոր են, քան Ադրբեջանի հետ»,- եզրափակեց իրանցի փորձագետը։