Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկուշաբթի խոստովանել է, որ երկիրը համաշխարհային ասպարեզում բախվում է աճող մեկուսացման և առաջիկա տարիներին ստիպված կլինի դառնալ ավելի ինքնաբավ «Սուպեր Սպարտա», գրում է Times of Israel-ը։

Նրա մեկնաբանությունները, որոնք հնչել են այն ժամանակ, երբ եվրոպական երկրները կոչ են արել զենքի էմբարգո և պատժամիջոցներ կիրառել Իսրայելի դեմ Գազայում շարունակվող պատերազմի ընթացքում, օգտագործել են քաղաքական հակառակորդներն ու տեխնոլոգիական խմբերը, որոնք վարչապետին մեղադրում են համաշխարհային ասպարեզում Իսրայելի անբարենպաստ դիրքի համար։

«Իսրայելը որոշ առումով մեկուսացված է։ Մենք ավելի ու ավելի ստիպված կլինենք հարմարվել ավտարկիկ հատկանիշներով տնտեսությանը»,- ասել է նա՝ նշելով եզրույթ, որը նշանակում է համաշխարհային առևտրից մեկուսացված տնտեսական ինքնաբավություն, «բառ, որն, ըստ նրա, ինքն ամենաշատն է ատում»։

«Ես հավատում եմ ազատ շուկային, բայց մենք կարող ենք հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ մեր ռազմական արդյունաբերությունը կարգելափակվի։ Մենք պետք է զարգացնենք այստեղ ռազմական արդյունաբերությունը՝ ոչ միայն հետազոտություններն ու մշակումները, այլև մեզ անհրաժեշտն արտադրելու կարողությունը»,- հայտարարել է Նեթանյահուն։

«Բախվելով «Աթենք և Սպարտա» սցենարին, Իսրայելը կդառնա «Աթենք և Սուպեր Սպարտա,- ասել է Նեթանյահուն։ -Մենք այլընտրանք չունենք։ Առնվազն առաջիկա տարիներին ստիպված կլինենք գործ ունենալ մեզ մեկուսացնելու փորձերի հետ»։