Սեպտեմբերի 10-ին Յուտայի ​​ համալսարանում տեղի ունեցած միջոցառման ժամանակ ազդեցիկ պահպանողական Չարլի Քըրքի վրա կրակելու մեջ մեղադրվող Թայլեր Ռոբինսոնին պաշտոնապես մեղադրանք է առաջադրվել մի շարք հանցագործությունների, դրանց թվում՝ ծանրացուցիչ հանգամանքներում սպանության համար, և դատախազությունը հայտարարել է մահապատիժ պահանջելու մտադրության մասին, հաղորդում է ABC News-ը։

22-ամյա Ռոբինսոնը մեղադրվում է նաև հրազենի ապօրինի օգտագործման մեջ, որը հանգեցրել է ծանր մարմնական վնասվածքի, արդարադատությանը խոչընդոտելու, վկայի երկու դեպքի կեղծման և երեխայի ներկայությամբ բռնության հանցագործություն կատարելու մեջ, երեքշաբթի հայտարարեց Յուտայի ​​շրջանային դատախազ Ջեֆ Գրեյը։

Գրեյը, որը Քըրքի մահը «ամերիկյան ողբերգություն» է անվանել, նշել է, որ «լուրջ է վերաբերվում Ռոբինսոնի մահապատժի վերաբերյալ որոշմանը»։

Կրակոցներ կատարած կասկածյալը կմնա կալանքի տակ առանց գրավի։ Ռոբինսոնը միաժամանակ երեքշաբթի առաջին անգամ կկանգնի դատարանի առաջ։ Ռոբինսոնը ձերբակալվել է անցյալ շաբաթ՝ ծանր հանցագործության համար հրազեն կրելու, ծանրացուցիչ հանգամանքներում սպանության և արդարադատությանը խոչընդոտելու մեղադրանքներով, և տեղափոխվել է Յուտայի ​​շրջանի բանտ։

Ռոբինսոնը ձերբակալվել է, երբ նրա հայրը նրան ճանաչել է Յուտայի ​​իշխանությունների հրապարակած լուսանկարներից։

Պաշտոնյաները ավելի վաղ հայտարարել էին, որ նրա հայրը խորհուրդ է տվել Ռոբինսոնին հանձնվել ոստիկանությանը, ինչից 22-ամյա երիտասարդը սկզբում հրաժարվել է, բայց ավելի ուշ փոխել է իր միտքը: Երբ հայրը զանգահարել է Ռոբինսոնին, նա ակնարկել է, որ պատրաստվում է «ինքնասպան լինել», և ծնողները համոզել են նրան հանդիպել իրենց տանը, ասված է մեղադրանքի փաստաթղթերում. «Երբ նրանք քննարկում էին իրավիճակը, Ռոբինսոնն ակնարկել է, որ ինքն է կրակողը և հայտարարել, որ չի կարող բանտ գնալ և պարզապես ուզում է վերջ դնել այդ ամենին»:

Այնուհետև ծնողները հարցրել են որդուն՝ ինչու է նա կատարել հանցագործությունը, որին նա պատասխանել է. «Այնտեղ չափազանց շատ չարիք կա, և այդ տղան [Չարլի Քըրքը] չափազանց շատ ատելություն է տարածում»: Կասկածյալի ծնողները համոզել են Ռոբինսոնին խոսել ընտանիքի բարեկամ շերիֆի տեղակալի հետ, որն էլ համոզել է նրան հանձնվել ոստիկանությանը:

Դատախազները հրապարակել են նաև կասկածյալի և նրա սենյակակցի միջև զրույցները կրակոցից հետո մի քանի րոպեների ընթացքում:

Քննիչները շարունակում են վերանայել ապացույցները, դրանց թվում՝ էլեկտրոնային սարքերը, որոնց կասկածյալը կարող էր հասանելիություն ունենալ, և դաշնային մեղադրանքներ կարող են առաջադրվել առաջիկա օրերին, ABC News-ին հայտնել են իրավապահ մարմինների ներկայացուցիչները:

Պաշտոնյաները չեն հրապարակել դրդապատճառը, չնայած ըստ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսի՝ Քըրքի սպանության «պատճառներից մեկը «ձախ ծայրահեղականությունն էր»։