Կոլումբիան երեքշաբթի օրը դադարեցրել է զենքի գնումները Միացյալ Նահանգներից՝ իր ամենամեծ ռազմական գործընկերից, այն բանից հետո, երբ Վաշինգտոնը հարավամերիկյան երկրին զրկել է թմրանյութերի դեմ պայքարի դաշնակցի կարգավիճակից՝ կոկաինի ապօրինի շրջանառությունը կանխելու համար, հաղորդում է AFP-ն։
Երկուշաբթի օրը նախագահ Դոնալդ Թրամփը դատապարտել է իր կոլումբիացի գործընկեր Գուստավո Պետրոյին այն բանի համար, որ նա ոչ միայն չի կարողացել զսպել կոկաինի արտադրությունը, այլև նպաստել է դրա աճին՝ հասցնելով «բոլոր ժամանակների ռեկորդային ցուցանիշների»։
Թրամփը հավելել է, որ արդյունքում ինքը «Կոլումբիան հռչակել է մի երկիր, որն ակնհայտորեն չի կատարել թմրանյութերի նկատմամբ վերահսկողության իր պարտավորությունները»։
Արձագանքելով լուրին՝ Կոլումբիայի ներքին գործերի նախարար Արմանդո Բենեդետին Blu Radio-ին ասել է, որ «այսուհետ... Միացյալ Նահանգներից զենք չի գնվելու»։
Կոլումբիայի բանակի հրամանատար Ֆրանսիսկո Կուբիդեսը հավելել է, որ Բոգոտայի պայքարը «թմրանյութերի շրջանառության շղթան քանդելու» համար կշարունակվի՝ «ամերիկյան աջակցությամբ, թե առանց դրա»։
Թրամփի կողմից Կոլումբիային երկարամյա դաշնակցի կարգավիճակից զրկելը, ինչը տեղի է ունեցել երեք տասնամյակում առաջին անգամ, հիմնականում դիտարկվել է որպես սիմվոլիկ քայլ։ Ակնկալվում էր, որ դա էական ազդեցություն չի ունենա այն միլիոնավոր դոլարների վրա, որոնք Վաշինգտոնն ամեն տարի հատկացնում է Բոգոտային՝ թմրակարտելների և կոկաինի առևտրով ֆինանսավորվող ձախակողմյան պարտիզանների դեմ պայքարին աջակցելու համար։
Այնուամենայնիվ, սա ընկալվեց որպես կոկաինի դեմ Պետրոյի պայքարի ջանքերի կտրուկ քննադատություն։ Ինքը՝ Պետրոն, պատասխան հարված է հասցրել՝ հայտարարելով, որ Կոլումբիայի զինված ուժերը կդադարեցնեն իրենց կախվածությունը Միացյալ Նահանգներից՝ «որպես ողորմություն ստացվող» օգնությունից։





























