Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը հայտարարել է, որ Ռուսաստանից Եվրոպային սպառնացող վտանգին դիմակայելու համար՝ Դանիան երկար տարիների ռազմական բյուջեի կրճատումներից հետո բարձր ճշգրտության մեծ հեռահարության զենքեր ձեռք կբերի, չնայած այն հանգամանքին, որ սկանդինավյան երկրի վրա հարձակման անմիջական վտանգ չկա, հայտնում է Reuters-ը։

Դանիան այս տարի մեծացրել է իր ռազմական բյուջեն՝ 2022 թվականին Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումից հետո առաջացած սուր պակասորդը լրացնելու համար։

«Կասկած չկա, որ Ռուսաստանը առաջիկա տարիներին սպառնալիք կներկայացնի Եվրոպայի և Դանիայի համար», - չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է Ֆրեդերիկսենը՝ հավելելով, որ Դանիայի վրա հարձակման անմիջական վտանգ չկա։

Պաշտպանության նախարար Տրոլս Լունդ Պոուլսենի խոսքով՝ ձեռքբերումը կարող է ներառել հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են հարվածել թշնամու տարածքում գտնվող թիրախներին։

Նա չի նշել, թե որքան գումար է կառավարությունը ծախսելու այդ ջանքերի վրա կամ կոնկրետ ինչ զենք է գնելու։

Անցյալ շաբաթ ՆԱՏՕ-ի անդամ երկիրը հայտարարել է, որ Եվրոպայում արտադրված ՀՕՊ համակարգերի վրա կծախսի 58 միլիարդ դանիական կրոն (9.20 միլիարդ դոլար), ինչը նրա պատմության մեջ ամենամեծ զենքի գնումն է։

«Ուկրաինայում պատերազմը ցույց է տալիս հակահարված տալու կամ խորը հարված հասցնելու կարողության և ցամաքային հակաօդային պաշտպանության հետ մեկտեղ ինտեգրված շերտավոր հակաօդային պաշտպանություն ունենալու կարևորությունը», - ասել է Պոուլսենը։