Երկու արևմտյան երկրների լաբորատորիաները հաստատել են, որ ընդդիմության առաջնորդ Ալեքսեյ Նավալնին թունավորվել է «Полярный волк» խիստ ռեժիմի գաղութում, հայտարարել է քաղաքական գործչի այրին՝ Յուլիա Նավալնայան։ Նա պատմել է, որ իր ամուսնու կենսանյութերի նմուշները նրա մահից անմիջապես հետո՝ 2024 թվականի փետրվարին հաջողությամբ տեղափոխվել են արտասահման։ «Մի քանի ամիս առաջ ես իմացա, որ արդյունքները պատրաստ են, և երկու երկրների երկու լաբորատորիաներ իրարից անկախ եզրակացրել են, որ Ալեքսեյը թունավորվել է»,- հայտարարել է Նավալնայան։

Նա նշել է նաև, որ լաբորատորիաները հրաժարվում են հրապարակել թեստերի արդյունքները «քաղաքական նկատառումներով»։ Ավելին, արևմտյան երկրները իրավական հիմքեր չունեն ռուսաստանցի ընդդիմադիր առաջնորդի սպանության քրեական հետաքննություն սկսելու կամ հետապնդելու համար։ Նավալնայան ընդգծել է, որ պնդելու է թունավորման տվյալների հրապարակման վրա։ «Ես չեմ լռելու։ Ես պնդում եմ, որ Վլադիմիր Պուտինը մեղավոր է իմ ամուսնու՝ Ալեքսեյ Նավալնիի սպանության մեջ։ Ես մեղադրում եմ Ռուսաստանի հատուկ ծառայություններին արգելված քիմիական և կենսաբանական զենք մշակելու մեջ։ Ես պահանջում եմ, որ հետազոտությունն անցկացրած լաբորատորիաները հրապարակեն իրենց արդյունքները»,- ասել է Նավալնայան։

Նա կոչ է արել վերջ տալ «Պուտինի հետ սիրախաղին»։ «Դուք չեք կարողանա նրան սիրաշահել։ Քանի դեռ լռում եք, նա կանգ չի առնի։ Հնարավոր է՝ հենց հիմա, այսօր, ինչ-որ մեկը մահանում է այն թույնից, որը Պուտինը հրամայել էր ներարկել։ Ոչ միայն Ռուսաստանում։ Մենք նման օրինակներ տեսել ենք ամբողջ աշխարհում»,- նշել է Նավալնայան՝ լրագրողներին խնդրելով միանալ իրեն՝ պատասխաններ պահանջելու համար։

Ավելին, քաղաքական գործչի այրին հայտարարել է, որ ինքն ունի «Полярный волк» բանտային գաղութի հինգ աշխատակիցների վկայությունները Նավալնիի վերջին ժամերի մասին։ Ըստ այդ տեղեկության՝ նա հիվանդացել է զբոսանքի ժամանակ, բայց նրան չեն տարել բժշկական բաժանմունք, այլ հետ են ուղարկել խուց։

«Ալեքսեյը պառկել է հատակին, ծնկները մոտեցրել որովայնին և սկսել է ցավից տնքալ։ Նա ասել է, որ այրոց է զգում կրծքավանդակում և որովայնում։ Այնուհետև սկսել է  փսխել։ Նեմցևի ցուցմունքում նշվում էր, որ Ալեքսեյը ցնցումներ ուներ, ծանր շնչում էր, հազում և տնքում։ «Բանտապանները Ալեքսեյին մենակ են թողել խցում»,- նշել է Նավալնայան։ Նա հրապարակել է նաև ամուսնու մահվան օրը խցի լուսանկարը, որտեղ երևում էին նրա իրերը և փսխունքը հատակին։

Ալեքսեյ Նավալնին մահացել է 2024 թվականի փետրվարի 16-ին Խարփ գյուղի թիվ 3 ուղղիչ գաղութում։ Այդ ժամանակ նա գրեթե 300 օր անցկացրել էր մենախցում, որտեղ նրան պարբերաբար տեղավորում էին։ Քննչական կոմիտեն հայտարարել է, որ մահվան պատճառը հանկարծակի առիթմիան է, որն առաջացել է «արյան ճնշման կրիտիկական բարձրացման» հետևանքով և կապված է «համակցված հիվանդության» հետ, որը ներառում էր մի շարք ախտորոշումներ, դրանց թվում՝ խոլեցիստիտ, պանկրեատիտ, միջողնային ճողվածք և այլն։

Ավելի վաղ The Insider-ը հրապարակել էր Քննչական կոմիտեի որոշման նախագիծը, որում նշվում էր Նավալնիի մահվան օրը որովայնի ուժեղ ցավերի, փսխումների և ցնցումների մասին գանգատները։ Սակայն այդ մանրամասները փաստաթղթի վերջնական տարբերակից հանվել են։

«Досье»-ն նշում է, որ Նավալնիի մահից հետո քննիչները բանտային գաղութից առգրավել են բոլոր այն իրերը, որոնց հետ նա շփվել է։ Ցուցակը պարունակում էր 75 իր, այդ թվում՝ հագուստ, գրքեր, սննդի նմուշներ և նույնիսկ ձյուն այն մարզաբակից, որտեղ քաղաքական գործիչը հիվանդացել էր։ Առգրավվել են նաև վերակենդանացման համար օգտագործված բժշկական պարագաներ։

2024 թվականի օգոստոսին Քննչական կոմիտեն պաշտոնապես հրաժարվել է քրեական գործ հարուցել Նավալնիի մահվան փաստով։ Նախորդ օրը դատարանը մերժել էր քաղաքական գործչի մոր բողոքը։