Ռուսաստանի սահմանի մոտ լքված ավտոմեքենաները կբռնագրավվեն և աճուրդի կհանվեն Էստոնիայում, հաղորդում է ERR-ի։ Տրանսպորտի նախարարությունը հոկտեմբերից սկսած կսկսի տարահանել «Կոիդուլա» անցակետի մոտ երեք օրից ավելի կայանված ավտոմեքենաները։ Դրանք կտեղափոխվեն սահմանից 44 կիլոմետր հեռավորության վրա տեղակայված Վուրու քաղաքի պահպանվող կայանատեղի։

Գերատեսչության ներկայացուցիչ Սիյմ Յակսին հիշեցրել է, որ կայանատեղիում կա 72 ժամյա սահմանափակում, և վարորդները պետք է մուտք գործելիս նշեն կայանման մեկնարկի ամսաթիվը և ժամը։ «Եթե դա չի արվում, մենք ավտոմատ կերպով իրավունք ունենք ավտոմեքենան տարահանել»,- նշել է նա՝ վկայակոչելով 2025 թվականին ուժի մեջ մտած «Ճանապարհային երթևեկության մասին» օրենքը։

Ըստ Յակսիի՝ սեփականատերը պետք է ներկայանա երկու ամսվա ընթացքում, հակառակ դեպքում ավտոմեքենան կհանվի աճուրդի։ Ստացված գումարը կփոխանցվի բյուջե, դրանց թվում՝ տեղափոխման և պահպանման ծախսերը փոխհատուցելու համար։

Գերատեսչությունն արդեն սկսել է նույնականացնել և տեղեկացնել «Կոիդուլա» անցակետի անվճար կայանատեղիում երկար ժամանակ կայանված ավտոմեքենաների սեփականատերերին։ Այդ միջոցառումների արդյունքում, օգոստոսի վերջին լքված փոխադրամիջոցների թիվը 52-ից նվազել է, հասնելով՝ 39-ի: Այս փոխադրամիջոցների մեծ մասն էստոնական համարանիշներ ուներ։

Քարշակման պայմանագիրը կնքվել է Svenai OÜ ընկերության հետ և ուժի մեջ կլինի մինչև 2026 թվականի վերջը: Հեռացնելուց հետո գերատեսչության ներկայացուցիչը կազմում է հաղորդագրություն, որում փաստաթղթավորում է փոխադրամիջոցի վիճակը՝ նշելով հեռացման պատճառները:

Այնուհետև սեփականատիրոջը վերստին տեղեկացնում են էլեկտրոնային փոստով և, եթե հնարավոր է, հեռախոսով՝ տեղեկացնելով փոխադրամիջոցի վերադարձի համար վճարվող համապատասխան ծախսերի մասին: Մեկ փոխադրամիջոցի քարշակման արժեքը կազմում է 152 եվրո: Պահպանվող կայանատեղիում մեկ ամսվա պահպանումը կազմում է 237 եվրո՝ գումարած ԱԱՀ-ն:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց ի վեր Ռուսաստանին սահմանակից եվրոպական երկրներն արգելել են ռուսական պետհամարանիշներով փոխադրամիջոցների մուտքը երկիր: Մասնավորապես, Լատվիան, Լիտվան, Էստոնիան, Լեհաստանը, Ֆինլանդիան և Նորվեգիան ընդունել են նման միջոցառումներ:

Առաջին երկու բալթյան երկրներում Ռուսաստանում գրանցված փոխադրամիջոցները բռնագրավվում են: Այնուհետև, ըստ հանրապետության տրանսպորտի նախարարության, Լատվիան դրանք փոխանցում է Ուկրաինային՝ որպես աջակցություն ագրեսոր պետության դեմ պայքարում: Սեփականատերերը պարտավոր են նաև վճարել տուգանք՝ մինչև 2000 եվրո Լատվիայում, մինչև 6000 եվրո Լիտվայում և 400 եվրո Էստոնիայում։