Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ եթե սկսենք շրջանառել երկրում լեզվի հարցը, աղետն անխուսափելի կլինի։
Ըստ պետության ղեկավարի՝ ինչպես մեջբերում է БелТА լրատվական գործակալությունը, այս կամ այն լեզվի օգտագործման վերաբերյալ ցանկացած գործողություն պետք է լինի չափազանց զգույշ և հավասարակշռված, և Բելառուսում այդ հարցում հենց նման քաղաքականությունն են որդեգրել։ «Աստված մի արասցե, որ մենք սկսենք շրջանառել լեզվի հարցը՝ աղետն անխուսափելի կլինի»,- Ազգային միասնության օրվան նվիրված պատմական և փորձագիտական հանրության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է նա։
Անդրադառնալով հարևան երկրների հետ հարաբերությունների և Ուկրաինայում ստեղծված իրավիճակի թեմային՝ նախագահը նշել է, որ լեզվի հարցը ուկրաինական հակամարտության բազմաթիվ պատճառներից մեկն է. նրանք փորձել են բռնի կերպով սահմանափակել ռուսերենի օգտագործումն՝ առանց երկրի բոլոր բնակիչների հետ խորհրդակցելու։
Լուկաշենկոն նշել է, որ ինքը քննարկել է այդ հարցը, այդ թվում՝ ԱՄՆ ներկայացուցիչների հետ զրույցներում, քանի որ շատ գործընթացներ տեղի են ունեցել Վաշինգտոնի ազդեցությամբ։ «Ինչո՞ւ արգելել մարդկանց խոսել որևէ լեզվով։ Ես ամերիկացիներին ասում եմ. «Ինչո՞ւ եք նման կերպ վարվել,- պատմել է պետության ղեկավարը։ -Հասկանո՞ւմ եք, որ դա սխալ է։ Դուք զայրացնում եք մարդկանց զուր տեղը։ Թող այս սերունդը ռուսերեն խոսի»։





























