ՔՊ վարչությունում ընտրվելը ինքնանպատակ չի կարող լինել, իշխող կուսակցության ներկայացուցիչների մոտ, դա պայմանավորված է առաջիկա ընտրությունների ժամանակ  ընտրացուցակների կազմմամբ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։

«Այսինքն տրամաբանական է, որ այն մարդիկ, որոնք կլինեն ՔՊ վարչության անդամ, ամենայն հավանականությամբ նաև մեծ հնարավորություն ունեն տեղ զբաղեցնել  ՔՊ–ի նախընտրական ցուցակի անցողիկ մասում։ Այս տարի այդ պայքարը առավել քան սուր է, որովհետև մի քանի ամիս հետո լինելու են ԱԺ ընտրություններ և այդ մարդիկ պայքարում են իրականում ոչ այդքան վարչության կազմում լինելու համար, որքան դա կանաչ լույս է վառում ապագայում Ազգային ժողով մտնելու կամ կառավարության կազմում այս կամ այն պաշտոնի նշանակվելու համար։ Այսինքն այստեղ սոցիալական կամ քաղաքական լիֆտն է աշխատում։

Դա է պատճռը, որ ներքին պայքար է գնում տարբեր կլանների ներկայացուցիչների միջև։  Այստեղ կլանային պայքար է գնում, քանի որ նրանցից ամեն մեկը մի կլանի ներկայացուցիչ է ։ Օրինակ, ԱԺ նախագահի պաշտոնը զբաղեցնող անձը փորձում է նաեւ իր կլանի ներկայացուցիչներին ներգրավել վարչության մեջ, որպեսզի իր ազդեցությունը վարչությունում ավելի մեծ լինի, հետագայում նաև, որպեսզի խորհրդարանում կարողանա անցկացնել իր կլանի հնարավորինս շատ ներկայացուցիչների և փորձի ԱԺ–ում իր այսօրվա կարգավիճակը պահել։ Ես վստահ չեմ, որ ԱԺ նախագահի պաշտոնի այլ հավակնորդներ չկան, քանի որ այլ կլաններ ևս այդ պաշտոնի վրա աչք ունեն»,– ընդգծեց քաղտեխնոլոգը։

Նա եւս մեկ առանձնահատկություն նշեց այս պայքարում. «Հաշվի առեք, որ սա արդեն 2018 թվականը չէ և նույնիսկ 2021 թվականը չէ, իշխող վարչախմբի ներկայացուցիչները շատ լավ հասկանում են, որ այլևս այն լուրջ տոկոսները չի ստանալու ՔՊ–ն։ Եթե հիմա 70-ից ավել պատգամավորներ ունեն, ապա բոլորն էլ հասկանում են, որ եթե դրա կեսն էլ մնա, դա մեծ հաջողություն կարող է լինել իրենց համար։ Այսինքն հիմա մրցակցությունը յուրաքանչյուր տեղի համար առնվազն կրկնապատկվել է, դրա համար պայքարն ավելի սուր է և ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես։ Շատերը փորձում են հանրային կարծիք ձևավորել իրենց մրցակիցների, հակառակորդների, երբեմն արդեն անձնական թշնամիների նկատմամբ, այդ թվում նաև ինֆորմացիաներ սփռելով մամուլում»։

Դիտարկմանը, որ կա կարծիք, որ ամեն բան անձամբ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ անկախ ներկլանային պայքարից, Վիգեն Հակոբյանն ասաց. «Ամեն դեպքում ամեն մեկը փորձում է ազդել Նիկոլ Փաշինյանի վերջնական որոշման վրա, փորձում է իր մրցակցին վարկաբեկել, կոմպրոմատային բնույթի այնպիսի ինֆորմացիաներ տալ Նիկոլ Փաշինյանին, որը կարող է ազդել նրա վերջնական որոշումների վրա։ Դրանք կարող են լինել ֆինանսական, տնտեսական, նույնիսկ քաղաքական բացահայտումներ, երկրի ներսում, կամ երկրից դուրս, ամբիցիաների մասին ինչ-որ ինֆորմացիաներ տան, որոնք կարող են ազդել Նիկոլ Փաշինյանի որոշումների վրա։

Իսկ որ ՔՊ-ում շատ վաղուց արդեն կլաններ են ձևավորված, ազդեցության կլաններ, ֆինանսատնտեսական և նույնիսկ աշխարհաքաղաքական կլաններ, ես կարծում եմ դա արդեն վաղուց է հայտնի։ Կլաններ ձևավորվում են այն դեպքում, երբ արդեն կիսելու բան կա առհասարակ»,– ասաց նա։