Դանիան ԱՄՆ զորքերին չի հրավիրել Գրենլանդիայում անցկացվող զորավարժություններին, ինչը «ուժեղ քաղաքական ազդանշան» է ուղարկում կղզու նկատմամբ ԱՄՆ հետաքրքրության ֆոնին, հայտնել է Reuters գործակալությունը։
«Մենք համագործակցում ենք Պիտուֆիկի ամերիկյան տիեզերական բազայի գործընկերների հետ, սակայն նրանց ստորաբաժանումները չեն հրավիրվել մասնակցելու այս զորավարժություններին»,- Reuters-ին հայտնել է Դանիայի Արկտիկական ուժերի հրամանատար Սյորեն Անդերսենը։
Ռազմական վերլուծաբան Հանս Պետեր Միխելսենը գործակալությանը հայտնել է, որ «զորավարժությունները նպատակ ունեն ցույց տալ Դանիայի պատասխանատու վերաբերմունքը կղզու նկատմամբ՝ ՆԱՏՕ-ի իր դաշնակիցների հետ մեկտեղ»։ Նա դրանք որակել է որպես «ուժեղ քաղաքական ազդանշան» Միացյալ Նահանգներին։ Մինչդեռ Անդերսենը համաձայն չէ այն մտքի հետ, որ ԱՄՆ զորքերին բացառելը Վաշինգտոնին ուղղված ազդանշան է։
Թրամփը բազմիցս արտահայտել է այն տեսակետը, որ Գրենլանդիան պետք է միանա ԱՄՆ-ին։ Հակառակ դեպքում նա սպառնացել է բարձր առևտրային սակագներ սահմանել Դանիայի նկատմամբ, եթե այն չհրաժարվի կղզուց, որը իր ինքնավար տարածքի մի մասն է։ Իր առաջին նախագահական ժամկետի ընթացքում Թրամփն առաջարկել է գնել Գրենլանդիան, սակայն Դանիայի և Գրենլանդիայի իշխանությունները մերժել են այդ գաղափարը։





























