Եվրոպական հանձնաժողովը իսրայելա-պաղեստինյան հակամարտության սրման պատճառով չորեքշաբթի հայտարարել է Իսրայելին տրամադրվող օգնությունը դադարեցնելու որոշման մասին, բացառությամբ քաղաքացիական հասարակությանը և «Յադ Վաշեմ» Հոլոքոստի հուշարձանին տրամադրվող աջակցության։

«Գազայի հատվածում ամեն օր տեղի ունեցող սարսափելի իրադարձությունները պետք է դադարեցվեն։ Անհրաժեշտ է անհապաղ հրադադար, ամբողջ մարդասիրական օգնության անարգել մուտքը և ՀԱՄԱՍ-ի կողմից պահվող բոլոր պատանդների ազատ արձակումը։ Եվրամիությունը մնում է մարդասիրական օգնության ամենամեծ դոնորը և երկու պետությունների լուծման անսասան կողմնակիցը»,- հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպական հանձնաժողովի հաղորդագրությունը պարզաբանում է, որ հայտարարված որոշումը վերաբերում է, մասնավորապես, 2025-2027 թվականների համար նախատեսված ապագա տարեկան հատկացումներին, ինչպես նաև Իսրայելի հետ ընթացիկ ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերին և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակում ֆինանսավորվող նախագծերին։

Առաջարկը ներկայացվել է Իսրայելի կողմից Ասոցացման համաձայնագրի 2-րդ հոդվածի պահպանման վերանայումից հետո, որը հաստատել է, որ «իսրայելական կառավարության գործողությունները մարդու իրավունքների և ժողովրդավարական սկզբունքների հարգման վերաբերյալ հիմնարար դրույթների ոտնահարում են»։ Ըստ Եվրահանձնաժողովի՝ դա ԵՄ-ին համաձայնագիրը միակողմանիորեն կասեցնելու իրավունք է տալիս։

Հայտնաբերված խախտումը վերաբերում է «Գազայի հատվածում Իսրայելի ռազմական միջամտությունից հետո արագ վատթարացող մարդասիրական իրավիճակին, մարդասիրական օգնության շրջափակմանը, ռազմական գործողությունների ակտիվացմանը և Արևմտյան ափում բնակավայրերի ծրագիրն առաջ մղելու Իսրայելի իշխանությունների որոշմանը», որն, ըստ Եվրահանձնաժողովի, «ավելի է խաթարում երկու պետությունների լուծման սկզբունքը»։

Բրյուսելում պարզաբանել են, որ Իսրայելին ԵՄ հատկացվող ֆինանսական օգնությունը տրամադրվում է ըստ «Հարևանության, զարգացման և միջազգային համագործակցության գործիքի» (NDICI-GE)՝ Եվրամիության 2021-2027 թվականների երկարաժամկետ բյուջեի շրջանակում։ Այս գործիքի համապատասխան Իսրայելը 2025-2027 թվականներին տարեկան միջինում պետք է 6 միլիոն եվրո ստանար։

Բացի դրանից, ԵՄ-ն կդադարեցնի ինստիտուցիոնալ համագործակցության նախագծերի իրականացումը, ներառյալ գործընկերային ծրագրերը և ԵՄ-Իսրայել տարածաշրջանային համագործակցության մեխանիզմի շրջանակում իրականացվող նախագծերը, որոնց արժեքը կազմում է մոտ 14 միլիոն եվրո։