Դեմոկրատական կուսակցությունից Ներկայացուցիչների պալատի անդամ Մարկ Վիզին (Թեքսաս նահանգ) հայտարարել է, որ իրեն հայտնի է դարձել է ԱՄՆ գլխավոր դատախազ Փեմ Բոնդիի և Հետաքննությունների դաշնային բյուրոյի (ՀԴԲ) տնօրեն Քեշ Պատելի դեմ իմպիչմենտի գործընթաց սկսելու վերաբերյալ քննարկումների մասին։
Կոնգրեսականը նշել է, որ դա կարող է արվել ի պատասխան Հանրապետական կուսակցության ներկայացուցիչների՝ իր դեմոկրատ գործընկեր Իլհան Օմարին (Մինեսոտա նահանգ) Ներկայացուցիչների պալատի մի քանի հանձնաժողովներից հեռացնելու ծրագրերի՝ անցյալ շաբաթ սպանված պահպանողական քաղաքական ակտիվիստ Չարլի Քըրքի մասին քննադատական մեկնաբանությունների համար։
«Եթե [Հարավային Կարոլինայի հանրապետական կուսակցության ներկայացուցիչ] Նենսի Մեյսը (որը շուտով պարտվելու է նահանգապետի պաշտոնի համար մրցապայքարում) ցանկանում է Իլհան Օմարին զրկել հանձնաժողովներում անդամությունից խոսքերի համար, որոնք նա երբեք չի ասել, շատերը պնդում են, որ մենք պետք է իմպիչմենտի ենթարկենք անձեռահաս Քեշ Պատելին և Փեմ Բոնդիին՝ իրականում իրենց ասված կեղծիքների համար», - գրել է նա X-ում։
Նա միաժամանակ գրառմանը կցել է ՀԴԲ տնօրենի X-ում հաղորդագրությունը Քըրքի սպանության մեջ կասկածյալին ձերբակալելու մասին, ինչպես նաև ավելի ուշ արված նրա հայտարարությունը, ըստ որի կասկածյալը հարցաքննությունից հետո ազատ է արձակվել։ Նա կցել է նաև Բոնդիի Fox News-ի եթերում ելույթի մի հատված, որի ընթացքում նա հայտարարել է, թե Արդարադատության նախարարությունը կոչ է անում հրապարակել մանկապղծության մեջ մեղադրվող ֆինանսագետ Ջեֆրի Էփշտեյնի հաճախորդների ցուցակը։





























