ԱՄՆ քաղաքների փողոցներում տեղակայված ամերիկացի զինվորների թիվը հուլիսից ի վեր աճել է 75%-ով՝ հասնելով 35,000-ի: Նրանք մասնակցում են երկրի ողջ տարածքում իրականացվող հակամիգրացիոն ծրագրերին: Այս մասին սեպտեմբերի 18-ին հայտնել է The Intercept-ը, որը Պենտագոնից ստացել է տեղակայված զորքերի մասին տվյալներ:
Ըստ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման՝ առնվազն հինգ նահանգի (Արիզոնա, Կալիֆոռնիա, Նյու Մեքսիկո, Տեխաս և Ֆլորիդա) մի շարք քաղաքներում տեղակայվել են ցամաքային զորքերի, ռազմածովային ուժերի, ռազմաօդային ուժերի, Ծովային հետևակի կորպուսի և Ազգային գվարդիայի զինծառայողներ։ Ընդ որում, պորտալն ընդգծում է, որ տեղակայված զինծառայողների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի բարձր լինել։ The Intercept-ի հարցին ԱՄՆ ԶՈւ Հյուսիսային հրամանատարությունը, որի պատասխանատվության գոտում են Հյուսիսային Ամերիկայում ռազմական գործողությունները, պատասխանել է, որ այդ զինծառայողների թվի հաշվառում չի կատարում։ 2025 թվականի հունվարի 20-ից ի վեր ԱՄՆ տարածքում Ազգային գվարդիայի մոտ 23 866 զինծառայող է տեղակայվել։
Պորտալը շարունակում է, որ շատ ամերիկացի փորձագետներ ընդգծում են, որ ԱՄՆ տարածքում զինծառայողների ավելի լայն կիրառումը երկրի օրենսդրության կոպիտ խախտում է, որն արգելում է դաշնային զինված ուժերի օգտագործումը պետության ներսում իրավակարգն ապահովելու համար։ The Intercept-ի կարծիքով՝ զորքերի տեղակայումը «Միացյալ Նահանտներին ավելի է մոտեցնում իսկական ոստիկանապետական պետությանը»։ Բացի այդ, ըստ պորտալի գնահատականների, զորքերի տեղակայման ֆինանսական ծախսերը «կարող են աստղաբաշխական լինել» և հասնել «հարյուրավոր միլիոնների կամ նույնիսկ միլիարդավոր դոլարների»։ Հոդվածում ընդգծվում է, որ Պենտագոնը թաքցնում է այդ ծախսերը։
Ըստ CBS հեռուստաալիքի և YouGov հետազոտական ծառայության անցկացրած հարցման արդյունքների՝ ԱՄՆ քաղաքացիների մեծամասնությունը դեմ է հանցագործության և միգրացիայի դեմ պայքարելու նպատակով քաղաքներում Ազգային գվարդիայի տեղակայման Թրամփի քաղաքականությանը։





























