Եվրահանձնաժողովը (ԵՀ) կարող է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթի վերաբերյալ պաշտոնական առաջարկ ներկայացնել սեպտեմբերի 19-ին կամ 22-ին։ Այս մասին հայտնել է եվրոպական Politico պարբերականը՝ վկայակոչելով դիվանագետներին։

Նրանց խոսքով՝ Եվրահանձնաժողովում հայտարարել են, որ Ռուսաստանի դեմ հերթական սահմանափակող փաթեթը «սպասվում է ուրբաթ կամ երկուշաբթի»։ Սակայն մի քանի պաշտոնյաներ նշել են, որ այն կարող է ավելի շուտ հրապարակվել։

Ավելի վաղ Եվրահանձնաժողովը անորոշ ժամանակով հետաձգել էր Ռուսաստանի դեմ նոր սահմանափակումների փաթեթը՝ չներկայացնելով այն սեպտեմբերի 17-ին, ինչպես սպասվում էր։ Ըստ Politico-ի, հետաձգումը կապված է նրա հետ, որ ԵՄ-ի ուշադրության կենտրոնը ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների կիրառումից տեղափոխվել է Սլովակիայի և Հունգարիայի վրա ճնշում գործադրելուն, որպեսզի նրանք «նվազեցնեն ռուսական նավթից կախվածությունը»։ Handelsblatt թերթը, հղում անելով ԵՄ աղբյուրներին, հայտնել է, որ 19-րդ փաթեթը կարող է ներկայացվել սեպտեմբերի 19-ին։