Մարսելում ցուցարարները շրջափակել են Eurolinks սպառազինության արտադրության գործարանը։ Այս մասին X-ում հայտնել է Ազգային ժողովի (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատ) պատգամավոր Գաբրիել Կատալան։
«Բրավո այն ցուցարարներին, ովքեր այս պահին շրջափակել են Մարսելում գտնվող Eurolinks զենքի գործարանը, որը ռազմական տեխնիկա է վաճառում Իսրայելին», - գրել է նա։
Սեպտեմբերի 18-ին Ֆրանսիայում տեղի է ունենում համազգային գործադուլ՝ ի նշան կառավարության կողմից առաջարկվող խնայողության միջոցառումների դեմ բողոքի: Իշխանությունները կանխատեսում են, որ ամբողջ երկրում կայանալիք ցույցերին կմասնակցի մոտ 900,000 մարդ: Կարգուկանոնը պահպանելու համար Ֆրանսիայի Ներքին գործերի նախարարությունը տեղակայել է ավելի քան 80,000 ոստիկան և ժանդարմերիա, ինչպես նաև զրահապատ մեքենաներ և անօդաչու թռչող սարքեր:
Ամբողջ երկրում արդեն հիսունհինգ մարդ է ձերբակալվել, որոնցից յոթը՝ Իլ դը Ֆրանս շրջանում։




























