Մենք դա (Արարատ լեռան պատկերը Հայաստան մուտքի և ելքի սահմանային կնիքից հանելը - խմբ.) անում ենք Հայաստանի պետականությունը, ինքնիշխանությունն ու անվտանգությունն ամրապնդելու համար, մենք դա անում ենք Հայաստանը միջազգայնորեն պատասխանատու գործընկեր դարձնելու նպատակով։ Այս մասին սեպտեմբերի 18-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա վստահեցրել է, որ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում նման հարցեր չեն քննարկվել և չեն կարող քննարկվել։ Նրա խոսքով՝ կնիքի հարցը բարձրացվել է ամիսներ առաջ, երբ որևէ համաձայնություն չի եղել Թուրքիայի հարաբերությունների կարգավորման հատուկ ներկայացուցչի՝ Հայաստան այցի վերաբերյալ: Փաշինյանը հավելել է, որ անվտանգության ռազմավարության տեսանկյունից առանցքային է լեգիտիմության գործոնը։
«Մենք ինքներս պետք է ճանաչենք և ճանաչում ենք Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավասությունը միջազգայնորեն ճանաչված տարածքների և սահմանների շրջանակում։ Մենք դա անում ենք, քանի որ ցանկանում ենք ապահովել մեր պետության երկարակեցությունը, իսկ դրա համար պետք է պետությունը մտցնենք ճիշտ աերոդինամիկայի մեջ։ Մենք ուզում ենք, որ Հայաստանը լինի միջազգայնորեն պատասխանատու գործընկեր և ապրի միջազգայնորեն ճանաչված նորմերով։ Հայաստանը առաջնորդվում է այս տրամաբանությամբ և լեգիտիմության ռազմավարությամբ»,- ընդգծել է նա։
Վարչապետը հիշեցրել է, որ այս նամականիշը գոյություն չի ունեցել մինչև 2004 թվականը՝ հարցնելով. «Ի՞նչ էր նշանակում դրա բացակայությունը»։
«Իսկ ի՞նչ էր նշանակում այդ կնիքի հայտնվելը։ Ո՞րն է այդ կնիքի բացակայության, ապա դրա հայտնվելու ենթատեքստն ու քաղաքական նշանակությունը։ Ի՞նչ խնդիր էին ձգտում լուծել այն պաշտոնյաները, ովքեր ընդունել էին այդ որոշումը։ Միգուցե լուծում էին լեգիտիմության հարցը։ Լեգիտիմությունը, այդ թվում՝ ներքաղաքական, շատ կարևոր է։ Երբ դու ընտրված չես Սահմանադրության տիրոջ կողմից, պետք է լեգիտիմության աղբյուր գտնես՝ ինչ-որ տեղ լեռան լուսանկար կպցնես, ընկալումը տարածես Հայաստանի սահմաններից դուրս, որպեսզի ներսում քողարկես ոչ լեգիտիմ իշխանության փաստը։ Ապագայում մանրամասն կանդրադառնամ դրան։ Եթե մենք ուզում ենք որևէ բան ցույց տալ կնիքով, ապա դա պետք է կապված լինի Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի հետ։ Այս պահին նման անհրաժեշտություն ես չեմ տեսնում»,- եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։





























