Թուրք պաշտոնատար անձինք հայտարարել են, որ Անկարան ուշադիր հետևում է Կիպրոսի կողմից Իսրայելում արտադրված Barak MX ինտեգրված ՀՕՊ համակարգի գնման մասին հաղորդագրություններին՝ զգուշացնելով, որ այդ քայլը կարող է անկայունացնել բաժանված կղզում «փխրուն հավասարակշռությունը», հաղորդում է Associated Press-ը։

Թուրքիայի պաշտպանության նախարարության պաշտոնյաները համակարգը Կիպրոսին մատակարարվելու մասին հաղորդագրություններից հետո հայտարարել են, որ Կիպրոսի շարունակական զինման ջանքերը կպառնալիքի տակ կդնեն կղզում խաղաղությանը և կայունությանը և կարող են հանգեցնել «վտանգավոր հետևանքների»։

Իսրայելական ցամաքային համակարգը կարող է միաժամանակ խոցել հրթիռներ, անօդաչու թռչող սարքեր և ինքնաթիռներ մինչև 150 կիլոմետր հեռավորության վրա։

Դրա տեղակայումը կնշանակի Կիպրոսի պաշտպանական վահանի զգալի արդիականացում, որը մինչև վերջերս բաղկացած էր միայն խորհրդային դարաշրջանի սպառազինությունից, ինչպիսիք են 2 «БУК М1-2»հրթիռային համակարգը։

Միջերկրածովյան կղզին բաժանված է էթնիկական հատկանիշներով 1974 թվականից ի վեր, երբ Թուրքիան ներխուժեց կղզի՝ Հունաստանի հետ միավորելու նպատակով հեղաշրջումից հետո։ Միայն Թուրքիան է ճանաչում 1983 թվականին կղզու հյուսիսային մասում Կիպրոսի թուրքերի կողմից անկախության հռչակագիրը, որտեղ Թուրքիան շարունակում է պահել ավելի քան 35 հազար զինվորական։ 1997 թվականին Կիպրոսի՝ ռուսական արտադրության С -300 զենիթահրթիռային համակարգեր տեղակայելու ծրագրերը հանգեցրին Թուրքիայի հետ առճակատման, որը սպառնաց ռազմական գործողություններով։

Լարվածությունը մեղմացավ, երբ Կիպրոսը համաձայնեց հրթիռները փոխանցել Հունաստանին։ Պաշտպանության նախարարության պաշտոնյաները նշում են, որ Թուրքիան շարունակում է հավատարիմ մնալ Կիպրոսի թուրքերի անվտանգությանը, առանց մանրամասնելու հավելելով, որ ձեռնարկվում են բոլոր հնարավոր միջոցները նրանց անվտանգությունն ապահովելու համար։