Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է մտորել ներգաղթյալների համար արտոնագրային համակարգի վերացման հարցի շուրջ: Նման նախաձեռնությմաբ է հանդես եկել «Արդար Ռուսաստան՝ հանուն ճշմարտության» կուսակցության նախագահ Սերգեյ Միրոնովը, հաղորդում է «Коммерсантъ»-ը:

Աշխատանքի թույլտվությունն օտարերկրացուն հնարավորություն է տալիս առանց վիզայի աշխատել Ռուսաստանում: Ներկայում փաստաթուղթը մեկ մասնագիտության թույլտվություն է տալիս մեկ տարածաշրջանում: Արտոնագիրն ակտիվացնելու համար անհրաժեշտ է նախապես վճարել հարկը:

«Այս համակարգը լայնորեն կիրառվում է, բայց ես ոչինչ չեմ բացառում»,- ասել է պետության ղեկավարը Պետդումայի խմբակցությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ:

Պուտինը կոչ է արել լուծել միգրացիային առնչվող հարցերը:

«Դա շատ զգայուն ոլորտ է քաղաքացիների համար, և իշխանությունները, ո՛չ դաշնային, ո՛չ տեղական մակարդակով, չպետք է ձևացնեն, թե խնդիրը գոյություն չունի», - հավելել է Ռուսաստանի նախագահը:

Ռուսաստանում ներգաղթյալների մնալու ռեժիմը խստացնելու համար արդեն իսկ ձեռնարկված միջոցառումների շարքում է ձեռք բերված քաղաքացիությունը չեղարկելու հիմքերի ցանկի ընդլայնումը: 2024 թվականին նախագահը հրամայեց օտարերկրացիների համար կիրառել ժամանակակից կենսաչափական տվյալների բազաներ: Այս տարի ընդունվեցին օրենքներ, որոնք պահանջում էին դպրոցներում ներգաղթյալ երեխաների պարտադիր թեստավորում և օտարերկրացիների գրանցում՝ տեղորոշման տվյալներ փոխանցող հավելվածում: