Չինաստանի զինված ուժերը երբեք թույլ չեն տա, որ Թայվանի անջատողական ուժերը հաջողության հասնեն անկախության իրենց ձգտման մեջ, հայտարարել է Չինաստանի պաշտպանության նախարար Դոնգ Ջունը։
Նրա խոսքով՝ Ժողովրդա-ազատագրական բանակը անպարտելի և հզոր ուժ է, որը կպաշտպանի երկրի վերամիավորումը։
Նախարարը հավելել է, որ Չինաստանի Ժողովրդա-ազատագրական բանակը երբեք թույլ չի տա անջատողականների կողմից Թայվանի անկախության հասնելու փորձեր։
Օգոստոսին Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Համաշխարհային տնտեսության և միջազգային հարաբերությունների ինստիտուտի (IMEMO) Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ալեքսանդր Լոմանովը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կարող է փորձել Չինաստանին պարտադրել Թայվանի հետ ռազմաքաղաքական հակամարտություն՝ Չինաստանի զարգացումը դանդաղեցնելու համար։
Նա հավելել է, որ շատ բան կախված կլինի Թայվանից. ինչպես կգործեն տեղական իշխանությունները, որոնք «ավելի ու ավելի քիչ են վախենում Չինաստանին նյարդայնացնելուց» և ավելի ու ավելի են ակնարկում Չինաստանից անկախանալու ցանկության մասին։ Մասնագետը նշել է, որ սա շատ բացասական արձագանք է առաջացնում Պեկինում։





























