Աֆղանստանը չի ընդունում այլ երկրների, այդ թվում՝ ամերիկյանի, ռազմական ներկայությունը իր տարածքում։ Այս մասին հայտարարել է Աֆղանստանի արտաքին գործերի նախարարի խորհրդական Զաքիր Ջալալին, ինչպես մեջբերում է Pajhwok լրատվական գործակալությունը։
«Իր պատմության ընթացքում Աֆղանստանի ժողովուրդը երբեք չի հանդուրժել [այլ երկրների] ռազմական ներկայությունը իր տարածքում, և այս հնարավորությունը կտրականապես մերժվել է Դոհայի համաձայնագրի բանակցությունների և ստորագրման ժամանակ (ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների կողմից Աֆղանստանից բոլոր զորքերի դուրսբերման վերաբերյալ)», - ասել է նա՝ արձագանքելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությանը՝ Բաղրամում գտնվող նախկին ամերիկյան ավիաբազայի նկատմամբ վերահոսկողություն սահմանելու մտադրության մասին։
Միևնույն ժամանակ, պաշտոնյան ընդգծել է, որ Աֆղանստանը շարունակում է բաց լինել Միացյալ Նահանգների հետ համագործակցության համար՝ հավելելով, որ այն պետք է կառուցվի փոխադարձ հարգանքի և երկու երկրների ընդհանուր շահերի վրա։
Սեպտեմբերի 18-ին Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները փորձում է վերականգնել Աֆղանստանի Բաղրամի ավիաբազայի նկատմամբ վերահսկողությունը։ 2001-ից մինչև 2021 թվականը Բաղրամի ավիաբազան ծառայել է որպես ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ամենամեծ բազան Աֆղանստանում։ 2021 թվականի հուլիսի 1-ին ամերիկացիները լքեցին ավիաբազան, իսկ օգոստոսի 15-ին այն անցավ արմատական «Թալիբան» շարժման վերահսկողության տակ։





























