Այսօր վկան բավականին ուշագրավ տեղեկություններ հայտնեց դատարանին. մասնավորապես տուժող կողմի ուշադրությունը սևեռվել էր այն հանգամանքի վրա, որ ըստ վկայի իրենք զոհված զինծառայողներից մեկի կամ մի քանիսի հագին նկատել են ձմեռային բաճկոններ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19–ին, լրագրողների հետ զրույցում նշեց Ազատի զինվորական կացարանի հրդեհի գործով տուժողների իրավահաջորդների պաշտպան Նորայր Նորիկյանը։
«Եթե մենք հավատալու լինենք վարույթ իրականացնող մարմնի կողմից առաջ քաշված վարկածին, ապա տղաները երեկոյան ժամը 21-ի անվանականչից հետո քնել են և դեպքը տեղի ունեցել գիշերը ժամը 12-ից հետո։ Եթե մի պահ մենք ընդունենք, որ դա այդպես է եղել, ապա տրամաբանական հարց է առաջանում, թե ձմեռային բաճկոն հագած և զոհված զինծառայողը ինչպես կարող էր այդ իրավիճակում լինել։ Այսինքն ենթադրվում է, որ զինծառայողները պետք է նորմալ բնական պայմաններում հանված և քնած լինեին։
Բացի այդ, զոհված զինծառայողներից մեկը հայտնաբերվել է վառարանի մոտ, իսկ դա նշանակում է, որ կամ այդ զինծառայողը չի գտնվել հիմնական կացարանում, այսինքն մնացած 14 զինծառայողների հետ, կամ գտնվել է նրանց հետ և ինչ-որ եղանակով իրեն հաջողվել է մինչև զոհվելը դուրս գալ զինվորական կացարանից և հայտնվել վառարանի մոտ։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանը վարույթ իրականացնող մարմինը նախաքննության փուլում չի տվել։ Հենց այստեղ է, որ մենք ուզում ենք հասկանալ, եթե վառարանի մոտ հայտնաբերված և զոհված զինծառայողը գտնվել է զինծառայողների հիմնական կացարանում, ինչպե՞ս է նրան հաջողվել դուրս գալ այդ կացարանից և հայտնվել վառարանի սենյակում։ Իսկ եթե ի սկզբանե եղել է վառարանի սենյակում, ինչպե՞ս կարող էր անձը այդ մակարդակով թունավորվել և զոհվել, եթե նա կարող էր հանգիստ դուրս գալ մուտքի դռնից և փրկվել։ Սրանք հարցեր են, որոնց պատասխանները վարույթ իրականացնող մարմինը չի տվել։
Մենք նաև բարձրացրել ենք նաև զոհված զինծառայողներին դուրս բերելու գործընթացին, ես պնդում եմ որպես իրավաբան, որ այդ գործընթացը իրականացվել է գործող իրավակարգավորումների խստիվ խախտմամբ, քանի որ իրենք իրավունք չունեին դուրս հանել զոհված զինծառայողների դիերը այնքան ժամանակ, քանի դեռ վարույթ իրականացնող մարմինը տվյալ դեպքում քննչական համապատասխան ստորաբաժանումը չէր իրականացրել դեպքի վայրի զննություն և համապատասխան արձանագրություններ չէր կազմել։
Միայն այդ հանգամանքով ենթադրում եմ, որ կարող է ոչնչացված կամ վերացված լինել այնպիսի հետքեր, որոնք կարող էին էական նշանակություն ունենալ սույն քրեական վարույթի շրջանակներում,–ասաց նա։



























