«Պուտինը ԿԳԲ-ի գործակալ է։ Նա երբեք չի դադարել այդպիսին լինելուց։ Նա չի հասկանում Արևմուտքը։ Նա ձևացնում է, թե անգլերեն չի խոսում, չնայած գիտի, և մենք նրան դա անելիս բռնացրել ենք մեկից ավելի անգամ։ Նա մանիպուլյատոր է։ Նրան դիմակայելու միակ միջոցն ուժն է, իշխանությունը և դարձյալ ուժը», - The Telegraph-ին տված հարցազրույցում հայտարարել է Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Քեյթ Քելլոգը։

Երբ Քելլոգին հարցրել են՝ արդյոք նա համաձա՞յն է ԱՄՆ նախկին փոխնախագահ Մայք Փենսի անցյալ շաբաթ արած այն ենթադրությանը, ըստ որի եթե Ռուսաստանը գրավի Ուկրաինան, այնուհետև կհարձակվի ՆԱՏՕ-ի անդամ որևէ երկրի վրա, նա պատասխանել է. «Բացարձակապես։ Պուտինին և Ռուսաստանին պետք է դիտարկել որպես էքսպանսիոնիստական ​​տերություն։ Նա ցանկանում է վերականգնել Ռուսական կայսրությունը։ Դա ինձ հիշեցնում է Երկրորդ համաշխարհային պատերազմը։ 1938 թվականին Մյունխենում Հիտլերն ասաց, թե ուզում է միայն Սուդետները։ Հետո եկավ Ռայնլանդական տարածաշրջանը, ապա Լեհաստանը, և մենք մտանք Երկրորդ համաշխարհային պատերազմի մեջ։ Պատմությունը չի կրկնվում, բայց այն անկասկած հանգավորվում է։ Ահա թե ինչ է կատարվում այստեղ՝ Ուկրաինայում։ Մենք պետք է դրա դեմն առնենք հիմա»։

Քելլոգը կարծում է, որ Ռուսաստանի կողմից անցյալ շաբաթ Լեհաստան 19 անօդաչու թռչող սարքերի արձակումը միտումնավոր էր։ «Դա արվեց՝ տեսնելու համար, թե ինչպես կարձագանքի Արևմուտքը»։

«Երբ հյուսիսկորեացիները նրան ասացին, որ իրենք միջուկային տերություն են, Թրամփը պատասխանեց. «Ես էլ։ Ես նույնպես կարմիր կոճակ ունեմ։ Այն ավելի մեծ է, քան ձերը, և իմն ավելի լավ է աշխատում»։ Պուտինը ռեալիստ է, և եթե դուք բարձրացնեք խաղադրույքները, նա կհանձնվի»։

Ինչ վերաբերում է ԱՄՆ-Ռուսաստան հարաբերությունների ապագա բարելավմանը, Քելլոգն ասել է. «Դա պետք է տեղի ունենա Պուտինի հեռանալուց հետո։ Մինչև Ռուսաստանը չվերադառնա բարի ազգերի լիգա, այն կմնա իզգոյ երկիր։ Ուկրաինացիները պատրաստ են գործարք կնքել, բայց Պուտինը՝ ոչ։

Նրան [Պուտինին] մոլորեցնում են։ Դժբախտաբար, նրան թվում է, թե հաղթում է պատերազմում, բայց այդպես չէ։ Այսպիսով, Թրամփը պարզապես նրան ազատություն և ժամանակ է տալիս բանակցային սեղանի շուրջ նստելու համար, բայց խաղաքարտերն առաջվա պես մեր ձեռքում են»։

Հարցին՝ արդյոք Ուկրաինան ստիպված կլինի հրաժարվել իր տարածքի մի մասից՝ խաղաղության համար, Քելլոգն ընդգծել է, որ նման որոշումները միայն Ուկրաինայինն են։ «Թրամփը չի վաճառում ուկրաինական հողերը։ Դա Զելենսկիի մանդատն է։ Ոչ ոք իրավունք չունի որոշում ընդունելու։ Բայց եկեք իրատես լինենք. Դոնեցկը 65%-ով օկուպացված է։ Լուգանսկը 98%-ով։ Մենք պետք է ընդունենք իրականությունը։ Դե ֆակտոն չի նշանակում դե յուրե։

Մենք երբեք չենք ճանաչել խորհրդային վերահսկողությունը Բալթյան երկրների նկատմամբ, չնայած փաստացի դրանք ԽՍՀՄ մաս էին կազմում»։

Քելլոգը Ուկրաինային կոչ է արել դատողություններ անել երկարաժամկետ հեռանկարում։ «Հիմա կարող է ստիպված լինել ճանաչել օկուպացված տարածքը, բայց երկարաժամկետ հեռանկարում այն ​​կարող է վերադարձվել»։