Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շաարան հայտարարել է, որ Իսրայելի հետ ԱՄՆ միջնորդությամբ բանակցությունները մոտ են համաձայնագրի կնքմանը։ Այն կարող է ստորագրվել մոտ ապագայում՝ 1974 թվականի համաձայնագրի օրինակով։

Սակայն նա ընդգծել է, որ դա «ոչ մի կերպ չի ենթադրում Թել Ավիվի հետ հարաբերությունների կարգավորումը»։

Թուրքական «Milliyet» օրաթերթին տված հարցազրույցում ալ-Շաարան ասել է, որ «Սիրիան գիտի՝ ինչպես կռվել, բայց այլևս պատերազմ չի ցանկանում»։

Նա հավելել է, որ Աս-Սուվեյդայում վերջերս տեղի ունեցած անկարգությունները «դիտավորյալ տեղադրված ծուղակ» են եղել և իրականացվել են այն ժամանակ, երբ Իսրայելի հետ բանակցությունները հասնելուց են եղել ավարտին։

Խոսելով Կատարի վրա վերջերս տեղի ունեցած հարձակումից հետո բանակցությունների մասին՝ ալ-Շարաան ասել է. «Եթե հարցն այն է, թե արդյոք ես վստահում եմ Իսրայելին, պատասխանն է՝ ես չեմ վստահում նրան»։

Ալ-Շարաան հայտարարել է, որ Իսրայելի կողմից Սիրիայի նախագահական պալատի և պաշտպանության նախարարության վրա հարվածը հավասարազոր էր պատերազմի հայտարարման: Միևնույն ժամանակ, նա ընդգծել է, որ Իսրայելի հետ անվտանգության մասին համաձայնագիրը անխուսափելի է, չնայած Իսրայելի կողմից նման համաձայնագրի նկատմամբ հանձնառությունը կասկածելի է մնում:

Ալ-Շաարան նշել է, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի առաջիկա նիստերին իր սպասվելիք մասնակցությունը պատմական նախադեպ է, քանի որ վաթսուն տարվա ընթացքում առաջին անգամ Սիրիայի նախագահը ներկա կլինի նիստերին։

Նա ընդգծել է, որ սա «նոր շրջադարձային պահ» է նշանավորում՝ հավելելով, որ Սիրիան «այժմ դարձել է միջազգային համակարգի մաս» և «այլևս թմրանյութեր, փախստականներ կամ ահաբեկչություն արտահանող պետություն չէ»։