Անթալիայի մի քանի հյուրանոցներ, այդ թվում՝ ռուս զբոսաշրջիկներով բնակեցված հյուրանոցներ, անցյալ գիշեր տարհանվել են՝ տարածաշրջանում բռնկված անտառային հրդեհների պատճառով։ Այս մասին TASS-ին հայտնել են քաղաքում գտնվող ՌԴ գլխավոր հյուպատոսությունից։
«Ժամը 08:00-ի դրությամբ հրդեհների մեծ մասը մարվել է։ Ալանիա և Սիդե քաղաքների անտառային զանգվածներում կրակի դեմ պայքարը շարունակվում է։ Գիշերը տարհանվել են մի քանի հյուրանոցներ։ Տեղահանված անձանց թվում եղել են նաև Ռուսաստանի քաղաքացիներ։ Թուրքական կողմի տեղեկատվության համաձայն՝ նրանք բոլորը տեղավորվել են մոտակա անվտանգ հյուրանոցներում։ Հրդեհի հետևանքով Ռուսաստանի քաղաքացիները չեն տուժել», - հայտնել են դիվանագիտական ներկայացուցչությունից։
Դիվանագետները նաև նշել են, որ «գլխավոր հյուպատոսության թեժ գծին ռուս զբոսաշրջիկներից զանգեր չեն ստացվել»։
«Մենք շարունակում ենք հետևել իրավիճակին։ Մենք Թուրքիայի տուրիզմի նախարարությունից լրացուցիչ տվյալներ ենք խնդրել՝ տարհանված ռուս զբոսաշրջիկների թվի վերաբերյալ», - հավելել է հյուպատոսությունը։





























