2021–ի նախընտրական քարոզարշավում ՔՊ–ն բանավոր ստանձնել է երկու բան, որ հիշում են բոլորը՝ առաջին՝ օրենքի և իրավունքի դիկտատուրա, երկրորդ՝ Հայաստանի և տարածաշրջանի համար խաղաղ զարգացման դարաշրջան բացելը։ Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 20–ին, ՔՊ համագումարի իր ելույթում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Սա է ժողովրդի քվեարկության արդյունքներով ձևավորված կառավարության ստանձնած մանդատի կարճ նկարագրությունը և կառավարության ծրագիրը ձևավորվել է հենց այս երկու հիմնական համատեքստում։

Այսինքն խաղաղ զարգացման դարաշրջան բացելը դեռևս 2021 թվականին մեր ստանձնած բարձրագույն անելիքն էր, մեր գերագույն խնդիրը։

Խաղաղ զարգացման դարաշրջանը ահա բացված է, ասել է թե ժողովրդի առաջ մեր ստանձնած մեծագույն պարտավորությունը կատարված է։ Իհարկե ասել եմ և ասում եմ, չենք մոռանում, որ խաղաղությունը առավել ինստիտուցիոնալ դարձնելու ջանքեր պետք է գործադրենք։ 2025 թվականի օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագիրը նախաստորագրվեց և հաջորդ հանգրվանը այդ փաստաթղթի ստորագրումն է, ինչի ուղղությամբ մեր ջանքերը ու աշխատանքը չենք նվազեցնելու, բնականաբար»,–ասաց նա։

Անդրադառնալով 2021 թվականի նախընտրական շրջանի երկրորդ հիմնասյունի՝ օրենքի և իրավունքի դիկտատուրային հարցին, Փաշինյանը նշեց. «հարցը հետեւյալն է՝ արդյոք մենք բավարար ջանքեր գործադրել և արդյունքներ արձանագրել ենք այս առումով։ Ես չեմ բացառում, որ եթե նույնիսկ մեր կուսակցության մեջ հարցում անենք, հնարավոր է որ պատասխանը լինի յուղոտ «ոչ»։ Բայց ես նույնիսկ չեմ ուզում վիճարկել այս պատասխանը, այլ, ուզում եմ ուշադրություն հրավիրել հենց 2021 թվականի օգոստոսի 24-ի իմ ելույթի ձևակերպմանը, որտեղ ասել եմ ոչ միայն օրենքի, այլև իրավունքի դիկտատուրա։

Միայն օրենքի դիկտատուրա հաստատելը իրականում հեշտ է և առանձնապես մեծ առաքելություն չէ, ընդունում ես օրենքը, առավել ևս ունենալով խորհրդարանական մեծամասնության աջակցությունը և դա իրագործում բոլոր հնարավոր մեթոդներով։ Իսկ երբ սա հակակշռված է իրավունքով, խոսքի ազատության իրավունքով, սեփականության իրավունքով, արդար դատաքննության իրավունքով, լսված լինելու իրավունքով, հավաքներ կազմակերպելու իրավունքով, ժողովրդավարությամբ մարդու իրավունքներով, բոլորովին ուրիշ պատմություն է։ Մենք երբեք չենք խոստացել հաստատել պարզապես դիկտատուրա և չենք էլ ցանկացել։

Մեծ հաշվով, ինչ-որ առումով, կրկին ստանձնել ենք անհնար մի հանձնառություն, համատեղ էլ թվում է անհամատեղելի, և մենք գնացել ու էական հաջողությունների ենք հասել այս ճանապարհին։ Ապօրինի գույքի բռնագանձման համակարգը, ներառյալ պետական և համայնքային շահերի պաշտպանության և քրեական գործերով գույքի բռնագրավման մեխանիզմներով, լիարժեքորեն գործարկված է»,– ընդգծեց նա։