Եթե Աֆղանստանը չվերադարձնի Բագրամի ավիաբազան Ամերիկայի Միացյալ Նահանգներին, «վատ բաներ» կպատահեն, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։

«Եթե Աֆղանստանը չվերադարձնի Բագրամի ավիաբազան նրան, ով այն կառուցել է՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներին, վատ բաներ կպատահեն!!!», – նշել է նա։

ԱՄՆ նախագահը բազան վերադարձնելու Վաշինգտոնի մտադրության մասին առաջին անգամ հայտնել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։

Մինչդեռ Բագրամի բազան կառուցել է ոչ թե ԱՄՆ-ն, այլ Խորհրդային Միությունը՝ 1950-ականներին, և դարձել է նրա գլխավոր բազան 1980-ականներին՝ Աֆղանստանի օկուպացիայից հետո։

Բազան անցել է ԱՄՆ-ին՝ որպես ժառանգություն, 2001 թվականին թալիբների ռեժիմի տապալումից հետո։

Բագրամը լքվելուց հետո ավերակների էր վերածվել, սակայն ամերիկացիները վերականգնել են այն, և ժամանակի ընթացքում բազայի տարածքը մեծացնելով, հասցրել են մոտ 77 քառ. կմ-ի։

Թրամփի՝ Մեծ Բրիտանիայում արված հայտարարությանը արձագանքել է Աֆղանստանի ԱԳՆ-ն՝ նշելով, որ երկիրը չի ընդունի այլ պետությունների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ռազմական ներկայությունն իր տարածքում։